Ստեփան Դանիելյան. Փոփոխությունների հնարավոր սցենարները
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» և գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Քաղաքաացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն, կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ, կամ վատ, բայց այնուամենայնիվ, թեկուզ իներցիայով, որոշ գործառույթներ կատարում էին, հիմա վիճակը ավելի վատ է, սակայն մամուլը չի կարողանում լուսաբանել այդ ոլորտների իրական վիճակը: Կարճ ասած, Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Խորհրդարանում, կառավարությունում նույնպես այդ ճգնաժամն ակնառու է:
Սակայն փորձենք հասկանալ, թե այս վիճակից դուրս գալու ինչ հնարավոր սցենարներ կան: Հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով:
Սցենար 1
Խորհրդարանի երկու ֆրակցիաները` Լուսավոր Հայաստանը և Բարգավաճ Հայստանը, եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները, դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաև «ԻՄ Քայլի»-ից պատգամավորներ:
Սցենար 2
«Իմ Քայլի» ֆրակցիան տրոհվելու դեպքում Խորհրդարանում փլուզվում է մեծամասնությունը և առաջանում է նոր կոալիցիայի պահանջ, բնականաբար` նոր կառավարությամբ:
Սցենար 3
Սա ամենավատ սցենարն է: Ձվավորվում են արտախորհրդարանային մի քանի կոնտրոններ, որոնք փողոցային պայքար են սկսում: Ատոմիզացված հասարակությունում միասնական ընդդիմություն կազմել հնարավոր չի և արդյունքում հիմնական քաղաքական պայքարը կարող է ընթանալ փողոցում, միմյանց հառական կենտրոնների միջև: Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական պրոցեսները խորհրդարանում չեն ընթանալու, որովհետև գործող խորհրդարանը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը: Սա քաոսի ճանապարհ է, որ դեստաբիլիզացնելու է երկիրը:
Եզրակացություն
«Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես պատասխանատու են երկրի վիճակի համար, որովհետև ունենալով շատ կոնկրետ լծակներ, որոնց միջոցով կարող են իրավիճակ փոխել, դա չեն անում:
Նաև պետք է հասկանան, որ հիմա պորտֆելներ ու վարչապետի կարգավիճակի համար պայքարելու ժամանակը չի: Ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է, որը թույլ կտա անցումային շրջանը հնարավորինս մեղմ ու անցնցում իրականացնել»։