Ստորագրահավաք` Երևանում Վուդրո Վիլսոնին հուշարձան կանգնեցնելու համար
Change.org հարթակում ստորագրահավաք է նախաձեռնվել՝ Երևանում ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 28-րդ դեմոկրատ նախագահ (1913-1921) Վուդրո Վիլսոնին հուշարձան կանգնեցնելու համար։
Ստորագրահավաքը նախաձեռնել է քաղաքագետ Արա Պապյանը։
Հիմնավորման մեջ նշվում է Վուդրո Վիլսոնի անուրանալի դերը հարյուր հազարավոր հայ որբերի փրկության գործում, ինչպես նաև նրա կայացրած ( 22 նոյեմբերի 1920 թ.) Իրավարար վճռի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ապագայի համար:
«Այս տարի լրանում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի («Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920թ.) 100 ամյակը: Ի պատիվ Վիլսոնի հայանպաստ գործունեության և ի արտահայտումն հայ ազգի խորին երախտագիտության՝ իրականացվում է համաժողովրդական ստորագրահավաք՝ Երևանում նրա հուշարձանը կանգնեցնելու պահանջով»,-ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Այս պահին ստորագրահավաքին միացել է 1083 մարդ։