Օրենսդիրը ցանկանում է Փաստաբանների պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն ստեղծել
«Արդիական է, որ այն ընդունվի մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, հակառակ դեպքում անտրամաբանական կլինի, որ համաճարակի պայմաններում հեռահար քվերակության այս նախագիծը քննարկենք աշնանային նստաշրջանում»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացնելով իր հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների մասին նախագիծը:
Եթե պատգամավորները չհասցնեն ընդունել առաջարկվող օրենքը, ապա, ըստ պատգամավորի, փաստաբանների պալատի խորհրդին կզրկեն նման սոցիալապես անվտանգ եղանակով նիստեր հրավիրելու հնարավորությունից:
Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ պալատի խորհուրդը, իր իրավասությունն իրականացնում է հասարակական հիմունքներով և անդամ փաստաբաններն իրենց գործառույթներն իրականացնում են հիմնական աշխատանքին զուգահեռ: Ըստ պատգամավորի, փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատկությունը նրա նորմավորված չլինելն է, հետևաբար, պալատի խորհրդի անդամ փաստաբանների համար կարող են առաջանալ գործնական դժվարություններ՝ նիստերին կանոնավոր մասնակցելու տեսանկյունից:
Ըստ Վարդանյանի, նախագծի կարգավորումներից մեկով նախատեսվում է պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն տալ, որը թույլ կտա ապահովել այդ կառույցի խորհրդի գործունեության անընդհատությունը և հնարավորին նվազեցնել քվորումի բացակայության հետևանքով նիստերի հետաձգման դեպքերը:
Նախագծով նաև առաջարկվում է ներդնել պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգ: Այն թույլ կտա նվազեցնել պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարգապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն և չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ներկայացնելով գործադիրի դիրքորոշումը, առաջարկեց կարգապահական գործերի քննության գրավոր ընթացակարգերն առանձին սահմանել կամ պալատի խորհրդի կանոնադրությամբ ձևակերպել, որպեսզի օրենքը չծանրաբեռնվի:
Այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում պալատի կարգապահական որոշումները հանձնել հասցեատեր փաստաբանին՝ նախագծով առաջարկվում է որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել այն պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից: Այս փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ այդ որոշումը կարող է տեխնիկական պատճառներով ուշ հասնել հասցեատիրոջը և նա չհասցնի սամանված ժամկետում բողոքարկել:
Հանձնաժողովը համաձայնեց նախագիծն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան