«Հրապարակ». Նախկին փոխնախարարը ՄԱԿ-ի գրասենյակում պաշտոն է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր պաշտոնաթողության պատճառն իսկապե՞ս Հարվարդում սովորելն է, այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք՝ հարցրինք ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանին։ «Գնացել եմ»: Դուք հիմա Հարվարդո՞ւմ եք։ «Ես հիմա Հայաստանում եմ և հետո էլի վերադառնալու եմ այնտեղ»:
Տեղեկացրել էիք, որ օրերս աշխատանքի եք անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ «Այո»: Ե՞վ։ «Եվ իմ գործատուի համար դա խնդիր չէ»: Բա ինչպե՞ս եք այս պայմաններում Երևան-Հարվարդ տրանզիտն ապահովում։ «Դա իմ խնդիրն է. ես սովորում եմ Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել եմ Հայաստան, որովհետև երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, և չորրորդ մոդուլը, որը ես պետք է ապրիլին ավարտեի, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետև ողջ աշխարհը փակ է»:
Արժե՞ր 4 ամսվա կրթության համար հսկա պաշտոն, բարեփոխումների ծրագիր «թողնել»։ «Ինտենսիվ կրթություն է, որի ընթացքում ես իմ գիտելիքներն եմ ավելացնում»: Խոսվում էր ԿԳՄՍ-ում գրանտների մասին, ասում էին՝ խնդիրներ ծագեցին, այդ պատճառով աշխատանքը թողեցիք։
«Նման որևէ խնդիր չի եղել, և նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր եմ արել»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի։ «Ոչ, հնարավոր չէ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում