Տիգրան Ավինյան. Ճգնաժամային այս շրջանը խթան է կարևոր բարեփոխումների համար
Մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները: Հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները:
Ավինյանը, խոսելով Հայաստանի մասին, նշել է, որ հաջորդիվ, կառավարությունը անհրաժեշտ նախապատրաստություններից հետո մեղմացրել է սահմանափակումները՝ միաժամանակ սահմանելով նոր իրավիճակում տնտեսության ու հասարակության վարքագծի ու գործունեության պարտադիր կանոններ և ուղենիշներ:
Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաև խթան է կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին և համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին: