Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա. Մելքումյան
«Բժշկական դիմակի գինը և բաց տարածքներում այն չկրելու համար նախատեսված տուգանքի չափը կապ ունի՞ մարդկանց եկամուտների հետ»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին։
Նրա խոսքով, բժշկական դիմակները, որոնք նախկինում վաճառվում էին 30-40 դրամով, այժմ տասն անգամ թանկացել են. «Եթե մարդը օրը երեք անգամ պետք է դիմակ փոխի, դա էլ բազմապատկենք 30 օրով, ապա կստացվի, որ ամսական 20 հազար դրամ մարդը պետք է ծախսի դիմակի համար, իսկ ընտանիքը՝ 50-60 հազար դրամ։ Հիմա պետությունն ինչ-որ դերակատարում ունի՞, որ մենք հասկանանք, թե այս դիմակի հետ կապված ոնց ենք վարվում»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վ. Դանիելյանն ասաց, որ դիմակի ինքնարժեքը կապ չունի առաջարկվող օրենքի նախագծի հետ, քանի որ 100-250 հազար դրամ տուգանքը նվազեցվում է մինչև 10 հազար դրամ.
«Կախված պահանջարկից, դիմակի գինը կարող է նվազել կամ բարձրանալ»։
Արձագանքելով՝ Մ. Մելքումյանը նշեց, որ պատերազմական իրավիճակում դասական շուկայական կանոնները պետք է մասամբ չաշխատեն։
«Եթե կա արտակարգ ռեժիմ, սա դասական շուկայական տնտեսության վիճակ չէ, արտակարգ վիճակ է։ Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա։ Դիմակները կրում ենք, քանի որ վատ վիճակ է, սա դիմակահանդես չէ»,- շեշտեց Մ. Մելքումյանը։
Ի պատասխան՝ Վ. Դանիելյանն ասաց, որ որևէ սահմանափակում, առհասարակ, հաճելի չէ քաղաքացիներին, սակայն ավելի կարևոր արժեք փրկելու համար են նախատեսված սահմանափակումները, հետևաբար՝ որոշակի նեղություն է պատճառվում քաղաքացիներին, այդ թվում՝ նաև դիմակ գնելու և այլ հարցերում.
«Դա արվում է հասարակության և մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան