Կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի, որպեսզի դիմակների գները կարգավորվեն. Միրզոյան
«Եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ո՞վ ում է խաբում»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա տեղեկացրեց, որ բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի մասին քննարկումներն իրեն մի անեկդոտ են հիշեցնում, երբ ամուսինը երեկոյան աշխատանքից վերադառնում է տուն և կնոջն ասում է՝ ես վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել։
«Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել և տարբերակ գտնել՝ ոնց կարող է խուսափել դիմակ չկրելու համար պատժվելուց։ Միշտ կարելի է բայցերի շղթա գտնել։ Հիմա եկեք հասկանան՝ իմա՞ստը։ Կառավարությունը սա անում է, որ տուգանի՞ մարդկանց, ոչ, սա արվում է, որպեսզի մարդիկ պաշտպանվեն։ Այո, աշխարհում 100%-անոց պատասխան չկա՝ այս դիմակն օգնո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպություններն ասում են՝ դիմակն օգնում է, երեքաշաբթի օրերին էլ՝ թե չի օգնում։ Ոչ ոք չգիտի, բայց փաստ է՝ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել մարդկանց՝ փրկել իրենց կյանքը։ Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- հորդորեց Ա. Միրզոյանը։
Նա ասաց, որ դիմակ չկրելու համար առաջարկվում է տուգանքները 100-250 հազար դրամից իջեցնել և հասցնել 10 հազար դրամի. «Այդ տուգանքը կնպաստի, որ արտակարգ դրության ընթացքում պարետատան սահմանած սահմանափակումները պահպանվեն։ Մենք տեսնում ենք, որ կա կասկածամիտ վերաբերմունք թե՛ համաճարակի, թե՛ նախատեսված միջոցառումների նկատմամբ։ Հիմա պետությունը պետք է ունենա գործիքներ, դրանցից մեկն էլ պատիժն է»։
Ա. Միրզոյանը վստահեցրեց, որ պատժի գումարի չափի նվազեցումը ցույց է տալիս, որ կառավարությունն ուզում է այն կիրառել, և մյուս շաբաթ այդ պատիժն արդեն լայնորեն կկիրառվի։
«Դա պետք է սթափեցնող ազդեցություն ունենա մարդկանց վրա, ընդամենը սրա մասին է խոսքը։ Այո, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է սկսի համատարած տուգանքները, քանի որ մեկին խնդրելով, մյուսին համոզելով, երրորդին էլ տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերեն այս իրավիճակին։ Թե չէ սկզբում պատմածս անեկդոտի իրավիճակը կստեղծվի։ Եվ վերջում, այո, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի, որպեսզի դիմակների գները կարգավորվեն և սահմանվեն սահմանաչափեր»,- շեշտեց Ա. Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալապես անապահովներին պետք է ապահովել դիմակներով. Զոհրաբյան
- Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա. Մելքումյան
- Բաց տարածքներում դիմակ չունենալու համար մարդիկ կտուգանվեն 10 հազար դրամով. նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա