Զբոսաշրջության ոլորտի մասնագետները զրկված են որևէ եկամուտից, սակայն ունեն հարկային ու վարկային պարտավորություններ. Ապրեսյան
«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը կանգնած է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նրա խոսքով, տեղաշարժը սահմանափակված է և շատ թվով մարդիկ որևէ հանգստավայրում լինել չեն կարող, ուստի կարելի է ասել՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտը զբոսաշրջությունն է։
«Ընդհանրապես, ոլորտի մասնագետները զրկված են որևէ եկամուտից, սակայն ունեն հարկային ու վարկային պարտավորություններ, ինչպես նաև բիզնեսն ու աշխատատեղերը պահպանելու հետ կապված խնդիրներ»,- շեշտեց Մ. Ապրեսյանը։
Հացրին՝ կա՞ վիճակագրություն, թե ոլորտի ներկայացուցիչների որ մասն է օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, Մ. Ապրեսյանը պատասխանեց՝ մի քանի սուբյեկտ է օգտվել աջակցությունից։
«Մենք ընդունում և ընկալում ենք աջակցության ոլորտի ընդհանուր մոտեցումները, բայց նաև առաջարկել ենք հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները և դրանով իսկ ապահովել հասցեականությունը զբոսաշրջության ոլորտի հետ կապված։ Մնացած ոլորտների համար լավ միջոցառումներ անցկացվում են, իսկ զբոսաշրջության ոլորտում խնդիրներ կան, քանի որ միջոցառումներից և ոչ մեկը հարմարեցված չէ ոլորտի պահանջներին։ Եվ այսօր տուրիստական ընկերությունները կանգնած են սնանկացման եզրին։ Նրանք վարկեր են վերցրել, ծրագրեր մշակել, բայց հիմա չեն աշխատում և չեն կարող վարկային պարտավորությունները կատարել։ Կա՛մ պետք է նրանց վարկային արձակուրդ տրվի, կա՛մ էլ պետք է թույլ տալ պետության կողմից տրամադրվող արտոնյալ վարկային միջոցները օգտագործել գործող վարկային պարտավորությունների կատարման նպատակով»,- մեկնաբանեց նա։
Նա վստահեցրեց, որ ծրագրերից պետք է կարողանան օգտվել նաև 500 մլն դրամ շրջանառությունը գերազանցող ընկերությունները, քանի որ դրանք մեծ հարկեր են մուծում պետությանը, աշխատատեղեր են ստեղծում, և պետությանը ձեռնտու չէ, որ այդ կազմակերպությունները սնանկանան և նպաստառուների մի մեծ բանակ գոյանա։
Հարակից հրապարակումներ`
- Հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14.4%-ով նվազել է
- Զբոսաշրջության կոմիտեի նախագահը ընկերություններին խորհուրդ է տալիս պլանավորել գործունեությունը 2021 թ-ի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան