Վարկառուի երաշխավորների համար նոր պայմաններ են առաջարկվում
«Փորձում ենք բարձրացնել երաշխավորի իրավական պաշտպանվածությունը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, 100 հազարավոր ՀՀ քաղաքացիներ երաշխավորություն են ստանձնել մարդկանց համար, որպեսզի վերջիններս կարողանան բանկերից վարկեր վերցնել։ Սակայն այն իրավակարգավորումները, որոնք այսօր գործում են ՀՀ-ում, բերել են նրան, որ գյուղերում մարդիկ, որոնք ֆինանսական գրագիտության պակաս ունեն, երաշխավորություն տրամադրելիս ամբողջությամբ չեն գիտակցում դրա իրավական հետևանքները.
«Ներկային իրավակարգավրումով, երաշխավորը կրում է համապարտ պարտասխանատվություն պարտապանի հետ։ Եվ դա նշանակում է, որ եթե պարտապանը ժամանակին պատշաճ ձևով չի իրականացնում իր վարկային պարտավորությունները, ապա երաշխավորի նկատմամբ ևս պահանջ է ներկայացվում՝ մարելու վարկային պարտավորությունները։ Հակառակ դեպքում արգելանքի տակ է դրվում նրա գույքը։ Եվ գյուղերում մարդկանց հողերը, անասունները և տեխնիկան արգելանքի տակ են դրվում, փչանում է նաև նրանց վարկային պատմությունը»։
Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայացված նախագծով իրենք առաջարկում են սահմանել, որ այսուհետ ֆիզիկական անձանց կողմից երաշխավորությունը լինելու է սուբսիդիար, իսկ համապարտ կլինի այն դեպքում, երբ այդ երաշխավորությունը ընտանիքի անդամի համար է, կամ կազմակերպության համար, որի համասեփականատեր է հանդիսանում երաշխավորը։
«Միևնույն ժամանակ իրավաբանական անձանց դեպքում կպահպանվի համապարտ պատասխանատվություն կրելու կարգը։ Բացի այդ, երաշխավորը իրավունք ունի ի սկզբանե իմանալ՝ որքան է լինելու առավելագույն գումարը, որի համար ինքը կրելու է պատասխանատվություն։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ երաշխավորը տալիս է երաշխավորություն նաև ապագայում փոփոխվող պարտավորությունների հարցով։ Եվ հետագայում, օրինակ՝ 1 մլն դրամի համար ստանձնած պարտավորությունը փոփոխվում է, և դառնում է 2-3 մլն»,- ներկայացրեց Ա. Խաչատրյանը։