«Ժողովուրդ». ՀՆԱ-ի իրական աճը 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժող.ովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %-ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7.6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1.3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1.2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2.3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5.1 % իրական աճ։
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ․ կազմել է 8154․1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ․ համեմատ աճելով 10․6 %-ով: Միջին գնաճը 2019 թվականին արձանագրվել է 1.4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3.5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019 թվականին կազմել է 0.7 տոկոս:
Այսինքն, 2019 թվականը ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել: Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում