Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի առցանց
Հունիսի 6-15-ին, ինչպես և նախապես որոշված է եղել, Երևանում կանցկացվի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։
«Այս տարի պայմանավորված կորոնավիրուսով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առժամանակ մշակութային միջոցառումները հետաձգվել են, կասեցվել։ Մտահղացում եղավ, որ եթե այս պահին ելք չգտնենք, գուցե հետո հնարամտությունը նոր գաղափարների չբերի։ Քաջություն հավաքեցինք ու որոշեցինք մրցույթն անցկացնել առցանց, ինչը չափազանց մեծ մարտահրավեր է. մրցույթը շատ կենդանի միջոցառում է, ճակատագրական էլեմենտ կա, բաց փորձել ենք առավելագույնը մոտեցնել իրականին՝ առցանց հարթակում ստեղծելով վիրտուալ տիրույթ։ Մեր կարծիքով՝ պետք է ստացվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի քարտուղար Սարգիս Նալղռանյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նա նշեց, որ նախընտրական փուլի ժամանակ մասնակիցները պետք է ուղարկեն իրենց ընտրական տեսանյութերը, որի հիման վրա կատարվելու է ընտրություն։ Առավելագույն միավոր ստացած 24 ջութակահարներն արդեն կմասնակցեն բուն մրցույթին։
Նախապես հայտարարված էր, որ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը, սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 25-ը։
Սարգիս Նալղռանյանն ասաց, որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է, դեռ վաղ է հայտարարել, թե քանի հոգի կմասնակցի մրցույթին և մասնակից երկրների աշխարհագրության մասին։ Մրցույթի ժյուրին ղեկավարում է հայտնի ջութակահար Էդուարդ Թադևոսյանը։
Մրցույթի բացման օրը պատահական ընտրված չէ. այդ օրն աշխարհահռչակ կոմպոզիտորի Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Մրցույթի մեկնարկը կտրվի Կոմիտասի անվան պանթեոն այցով. մրցույթի ժյուրին ու կազմակերպիչները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին։
Մրցույթի ողջ ընթացքը ցուցադրվելու է առցանց՝ Խաչատրյանի միջազգային մրցույթը պաշտոնական կայքում։