Մակրոնն ու Մերկելը հայտարարել են 500 մլրդ եվրաբոնդերի մասին՝ COVID-19-ի վերականգնման ծրագրի համար
Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, որ աջակցում են ԵՄ պարտատոմսերի ստեղծմանը՝ 500 միլիարդ եվրո հավաքելու համար, որն ուղղվելու է եվրոպական տնտեսությունը խթանելուն, որը խիստ թուլացել է COVID-19 համաճարակի արդյունքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Երկու առաջնորդները, որոնք համատեղ տեսակապով մամուլի ասուլիսում ներկայացրեցին իրենց առաջարկությունը, ասացին, որ դեռևս աշխատանք է անհրաժեշտ «անդամ բոլոր պետություններին համախմբելու համար», քանի որ ակնկալվում է՝ որոշ պետություններ կարող են առարկություններ ունենալ, այդ թվում՝ Նիդերլանդները և Դանիան, որոնք նախկինում դեմ էին այսպես կոչված «կորոնաբոնդերի» ստեղծմանը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն արդեն նշել է, որ իր և մի շարք անդամ պետությունների դիրքորոշումը «մնում են անփոփոխ»՝ ազդարարելով, որ առաջարկը բախվելու է ուժեղ դիմադրության:
Առաջարկվող 500 միլիարդ եվրոյի վերականգնման հիմնադրամը նախատեսում է, որ Եվրահանձնաժողովը գումարներ կհավաքի շուկաներում, ինչը Մակրոնը որակել է որպես «հիմնական քայլ»:
Հանձնաժողովի կողմից հավաքված գումարները կօգտագործվեն «նպատակային եղանակով»՝ համաճարակից առանձնապես տուժած հատվածներին և մարզերին աջակցելու համար: