Բաց տարածքներում դիմակ չունենալու համար մարդիկ կտուգանվեն 10 հազար դրամով. նախագիծ
«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու համար կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ներկայումս գործող օրենքով, նշված վարչական տուգանքը նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափ է։
«Այսինքն՝ այժմ առաջարկում ենք, որ արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտելու դեպքում մարդուն տուգանեն ոչ թե 100-250 հազար դրամով, այլ՝ 10 հազար դրամով։ Խոսքը վերաբերում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքին»,- շեշտեց Վ. Դանիելյանը։
Նա ասաց, որ, ըստ առաջարկի, օրենքն ուժի մեջ է մտնելու ընդունման պահից։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ բաց տարածքներում դիմակ չդնելու համար տուգանք է սահմանվում, իսկ փակ տարածքներում չկրելու համար՝ ո՞չ։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վ. Դանիելյանն ասաց, որ փոխվարչապետի որոշմամբ՝ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար, այդ պահանջին է վերաբերում առաջարկվող օրենքի նախագիծը։
«Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակի կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես՝ փակ տարածքներում դիմակ չկրելու համար կա վարչական տուգանք 100-300 հազար դրամի չափով։ Այսինքն՝ փակ տարածքներում դիմակ չդնելու համար պատասխանատվության է ենթարկվում տնտեսվարող սուբյեկտը։ Նա պետք է արգելի իր տարածք առանց դիմակի մուտք գործել, եթե թույլ է տալիս, ապա պետք է նաև պատասխանատվության ենթարկվի»,- պարզաբանեց Վ. Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հայտնաբերել է առանց դիմակ ուղևոր տեղափոխող մի քանի տրանսպորտային միջոց
- Մայիսի 18-ից կգործի երկաթուղային տրանսպորտի ուղևորների կողմից դիմակներ և ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը
- 100 հազար դրամի տուգանք՝ դիմակ չկրելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին