Պետք է դախլեքի հետևից վարկերի տրամադրման մշակույթը վերացվի. Երիցյան
«Մինչև 300 հազար դրամ սպառողական կրեդիտների դեպքում մարդիկ պետք է գրեն, որ գիտակցում են՝ որքան է փաստացի տոկոսադրույքը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժոովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նրա խոսքով, փորձ է արվում սպառողներին մեկ հավելյալ ազդակ ևս տալ, որ հաճախորդն ավելի տեղեկացված լինելով որոշումներ ընդունի։
«Սա արվում է, քանի որ վարկը պետք է տրամադրվի վճարունակ մարդուն։ Եթե վարկային կազմակերպությունները գումար են տրամադրում մարդկանց, ովքեր բավարար ֆինանսական հնարավորություններ չունեն, ապա հետևանքները լինում են ոչ ցանկալի, մարդիկ ավելի շատ պարտքեր են վերցնում, որպեսզի վարկերը մարեն»,- շեշտեց Ա. Մանուկյանը։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ ասաց, որ պետք է նաև վարկերի գովազդներն արգելվեն, քանի որ, իր խոսքով, անիմաստ կլինեն ընդունված օրենքներն ու սահմանափակումները, եթե լիցենզիա չունեցող վարկային կազմակերպությունները հնարավորություն ունենան գովազդել իրենց վարկերը, և մարդիկ էլ օնլայն տարբերակով կամ չգրանցված օֆիսներ այցելելով կարողանան գումար ձեռք բերել։
«Բացի այդ, պետք է դախլեքի հետևից վարկերի տրամադրման մշակույթը վերացվի։ Քանի որ, եթե մարդիկ կարողանում են վարկ վերցնել այն եղանակով, ինչպես կարտոֆիլ կգնեն, ապա վարկի բերած պարտավորությունների նկատմամբ մարդու ընկալումը զրո է դառնում։ Պետք է կիրառելի դառնա քարտերով վարկերի կիրառումը, որը շատ ավելի լայն հնարավորություններ կտա մարդկանց, ինչպես նաև այդ դեպքում էլեկտրոնային առևտուրը կզարգանա»,- շեշտեց Ն. Երիցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարկերը սահմանված ժամկետում չվճարելու տույժերի վերահաշվարկ է արվել
- Չեմ կարծում, որ մենք պետք է բոլոր վարկային հայտերը բավարարենք. վարչապետ (լրացված)