Ադրբեջանը զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
«Առանց պլանավորելու այս ծավալի զորավարժություն հնարավոր չէր անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին։
Փոխնախարարը չբացահայտեց՝ ՀՀ-ն ունեցե՞լ է տեղեկատվություն այդ զորավարժությունների անցկացման մասին, թե՞՝ ոչ, քանի որ դա շատ հետաքրքիր է հակառակորդին։
«Այդ զորավարժությունների մասին որևէ հայտարարություն չի եղել, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ անդամ պետություն, ունի պարտավորություններ՝ իրազեկում իրականացնելու։ Բայց մենք սովոր ենք Ադրբեջանի նման գործելաոճին, և հայկական սահմաններում դա որևէ լարվածություն չի առաջացրել։ Եթե մենք զգանք, որ ՀՀ-ի կամ Արցախի անվտանգությանը սպառնում են Ադրբեջանի գործողություններն ու զորավարժությունները, կանխարգելիչ միջոցառումներ ենք տեղում ձեռնարկելու։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը այդ մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք հայտարարել ենք դրա մասին»,- պարզաբանեց Գ. Բալայանը։
Նրա խոսքով, հայկական կողմը որևէ արտակարգ միջոցառում չի ձեռնարկել, բայց զորքերը զգոն են։
Այնուամենայնիվ, Գ.Բալայանն ասաց, որ այդ զորավարժությունները իրականացվում են ՀՀ-ի և Արցախի պաշտպանության բանակի անմիջական վերահսկողության ներքո.
«Հակառակորդի տեղաշարժի, շփման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների կամ տեխնիկայի մասով մենք ամենօրյա ռեժիմով վերահսկողություն ենք իրականացնում։ Այս պահին մենք չենք զգում, որ այդ զորավարժություններն անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա