Փոխադարձ դժգոհություն
Հասել ենք մի հանգրվանի, երբ հիվանդն այլևս չի կարող թաքցնել իր ախտահարվածությունը, հիվանդությունն ախտորոշված է փորձագետների կողմից, բուժման մեթոդներն էլ հայտնի են։ Ի՞նչ պետք է անել։ Պետք է հիվանդին հեռացնել հասարակությունից, ինչպես անում են կորոնավիրուսով վարակվածների դեպքում։ Բայց չեն արվում այդ անհրաժեշտ քայլերը, որովհետև ահռելի վտանգ ներկայացնող անձը հասարակության գործող ղեկավարն է․․․
Ա՛յ, էսպիսի անհարմար բան ստացվեց Հայաստանում․․․ վարչապետն իր տեղում չէ, տարբեր կողմերից հնարավոր ու անհնար ամեն ձևով բարձրաձայնվում է նրա հեռանալու օրեցօր աճող անհրաժեշտության մասին, բայց նա համառորեն հրաժարվում է լքել իր դիրքերը՝ լիովին մոռանալով 2018-ի հոկտեմբերի 8-ին ասած իր խոսքերը․ «Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որոնց հանրությունը երկար տարիներ պահանջում է հրաժարական տալ, և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս․․․»։
Իսկ հրաժարական պահանջելն էլ ո՞նց է լինում, եթե ոչ ներկայումս հազար տեղից հնչող բացահայտ կոչերը, օրավուր ահագնացող դժգոհությունը և լիակատար անհամաձայնությունը վարվող քաղաքականության նկատմամբ։ Ասենք, եթե ավելի ճշգրիտ լինեք՝ սեփական քաղաքականության բացակայության առումով․․․
Անառագաստ նավի նման դեգերում ենք կորոնավիրուսի պատճառով կողմնորոշիչները կորցրած մոլորակում։ Եվ քանի որ մեր նավավարն էլ դատարկախոսությունից բացի այլ շնորք չունի՝ իր անկարողության մեջ մեղադրում է ժողովրդին, զուգահեռաբար մարդկանց ուսերին դնելով նաև իր թերացումների հետևանքով առաջացած բազում պրոբլեմների պատասխանատվությունը։
Ժողովրդի վրա է բարդվում անգամ համավարակի սկզբում քայլիշխանական հակասահմանադրական խաղիկների պատճառով թույլ տված խայտառակ բացթողման հետևանքների պատասխանատվությունը՝ դիմակ ու ձեռնոց չկրելու համար տուգանելուն հասցնելով կորոնավիրուսի դեմ պայքարը։ Արդեն պարզ է, որ միայն բժիշկների և բուժաշխատողների շնորհքն է, որ ավելի շատ կորուստներ չունենք։ Մինչդեռ հակաճգնաժամային կառավարման տարրական գրագիտություն ունեցող իշխանությունների դեպքում հիմա եռանիշ թվերով չէին ավելանա վարակակիրները։
Այս պայմաններում ժողովո՞ւրդը պետք է դժգոհի, թե՞ անճարակ կառավարությունը։ Պարզ տրամաբանությամբ՝ ժողովուրդը, ինչպես օրինակ Իսպանայում, որտեղ «իսպանացիները դուրս են եկել փողոց ու բողոքում են կառավարության ու կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի շրջանում իշխանությունների անգործության դեմ»:
Իսկ մեզ մոտ իշխանություններն են ամեն ինչից դժգոհ, և հատկապես վարչապետը, ով չի կարողանում զսպել իր զայրույթը՝ մարդկանց մտածելու և իրեն հակադարձելու ընդունակության պատճառով։
Դժգոհ է նա իր ցանած սերմերի տված ծիլերից, մոռանալով դարավոր ճշմարտությունը՝ «ինչ ցանես, էն էլ կհնձես»։ Ցանել ես ատելություն ու թշնամանք, կարժանանաս համընդհանուր ատելության ու թշնամանքի։ Բաժանել ես հասարակությունը «մերոնքականների» ու «մնացյալների», հեղեղի բերան ընկած կխժռվես 95 տոկոս կազմող «մնացյալների» կողմից։ Տասը տարի անարգել տարածել ես հերյուրանքներ ՀՀ երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահի և նրա եղբոր մասին, հիմա ստիպված ես բացատրել մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռների անարգել թռիչքներն արտակարգ դրության ժամանակ։
Բայց արդեն անզեն աչքով էլ երևում է, որ հասունացած ժողովրդական դժգոհության համեմատությամբ իշխողների ընդվզումները ոչինչ չարժեն։ Այս ձևական արտակարգ դրությունը, գրեթե լիովին հանված սահմանափակումների պարագայում, ի վիճակի չի լինի զսպել աշխատանքից և օրվա ապրուստից զրկված ժողովրդի տարբեր հատվածների իրական դժգոհությունները։
Լիա Իվանյան. հրապարակախոս