Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների զարգացման պաշտոնական ծրագիրը
Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների զարգացման պաշտոնական ծրագիրը։ Այն մշակել են Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Դա ծրագրային փաստաթուղթ է, որը սահմանում է խաղերի կայուն զարգացմանը վերաբերող աշխատանքները: Միջազգային օլիմպիական կոմիտեն /ՄՕԿ/ ողջունել է հանձնաժողովի հրապարակած ծրագիրը։
Փաստաթղթում նշվում է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են ազգային և տարածաշրջանային իշխանությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, որը թույլ կտա իրականացնել բոլոր հավակնոտ նպատակները: Պեկինի խաղերը պետք է լինեն էկոլոգիապես մաքուր, բաց և ընդգրկուն։ Դրանց իրականացման համար նախատեսված են կոնկրետ միջոցառումներ և գործողություններ:
Կազմկոմիտեն նախատեսում է վերականգնվող աղբյուրներից ստանալ «կանաչ» էներգիա: Շինարարության համար հիմնականում օգտագործվում են էկոլոգիապես մաքուր նյութեր։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի զարգացմանը, ապա խաղերի նախապատրաստությունը արագացրել է Պեկին-Չժանցզյակոու երկաթուղու և Պեկին-Չոնգլի մայրուղու շինաշխատանքների ավարտը։ Դրանք կնպաստեն զբոսաշրջային բիզնեսի և լեռնադահուկային հանգստավայրերի զարգացմանը:
Արդյունքում ստեղծվել են նաև նոր աշխատատեղեր, որոնք կբարելավեն մարդկանց կենսամակարդակը:Բնակիչները նաև ակտիվորեն մասնակցում են ֆիթնեսի և ձմեռային մարզաձևերի միջոցառումներին։ Դա նույնպես համապատասխանում է իշխանությունների՝ 300 միլիոն քաղաքացու կանոնավոր մարզումներում ներգրավելու ծրագրին։
Պեկինի ձմեռային խաղերը կկայանան 2022 թ. փետրվարի 4-20-ը։