Քաղաքագետ. Հեղափոխություն առանց հեղափոխականների
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունն ոմանք ցանկանում են անվանել հեղափոխություն: Ինչո՞ւ են ցանկանում այդպես անվանել, այնքան էլ հասկանալի չէ։
Ինչո՞ւ են համարում, որ հեղափոխությունն ավելի լավ բան է, քան իշխանության օրինակ փոփոխությունը, երբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ժողովրդի մասնակցությամբ, սահմանադրության կանոնները պահպանելով կառավարության փոփոխություն է տեղի ունենում, ինչը բնականոն երևույթ է։
Սահմանադրական կանոններով իշխանափոխությունն հասարակության և քաղաքական ինստիտուտների հասունության նշան է, իսկ հեղափոխությունը ճիշտ հակառակ իմաստն ունի։
Դա թողնենք նրանց խղճին ու քննարկենք մի այլ հարց, արդյո՞ք կարող էր տեղի ունենալ հեղափոխություն, երբ չկան հեղափոխականներ։
«Հեղափոխականի» նկարագիրը մեր պատկերացումներով (և պատմության փորձով) ըմբոստ, ինքնուրույն մտածող, որոշ առումներով ռոմանտիկ ու իդեալներ ունեցող մարդիկ են, որոնք պատրաստ են գնալ փորձությունների հանուն իրենց համոզմունքների։ Եթե այդպիսիք չկան, նշանակում է չի կարող լինել նաև հեղափոխական գործընթաց։
Հիմա վերադառնանք մեր «հեղափոխականներին», որոնք իշխանության փոփոխության հաջորդ իսկ օրը տեղավորվեցին կոստյումների մեջ, կապեցին փողկապներ, սկսեցին պայքարել ծառայողական մեքենաների ու պարգևավճարների (ըստ Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ լեքսիկոնի՝ «թուլափայի») համար։ Միթե՞ դա էր իրենց անցած ու ապագա կյանքի ողջ գինը։
Բացի արտաքին ակսեսուարներից, մենք չենք տեսնում նաև գաղափարներ, համոզմունքներ, ինքնուրույնություն ու ինքնաբավություն, ինչն անհատականություններին են բնորոշ։ Տեսնում ենք ճիշտ հակառակ դրսևորումները՝ խմբակային պահվածք (մերոնք ու ձերոնք), անվերապահ հնազանդություն մեկ անձին, ոհմակով հարձակումներ «փոքրամասնության» վրա, անպարկեշտ պահվածք, անհանդուրժողականություն ազատ մտքի ու ազատ խոսքի հանդեպ։
Ցուցակը կարող ենք երկար շարունակել, սակայն դրա կարիքը չկա։ Եզրակացությունը մեկն է՝ «հեղափոխականներ» մենք չենք տեսնում։ Մենք տեսնում են արևելյան բյուրգերներ՝ «սպիտակ օձիքներ», հարմարվողականներ ու տեսակետ չունեցողներ։
Եթե նրանց մեջ լինեին հեղափոխականներ, ապա միաձայն չէին քվեարկի, անձի պաշտամունք չէին ձևավորի, չէին ստորացվի մեկ անձի կողմից, կհակառակվեին, կդիմադրեին, կփորձեին լինել ինքնուրույն արարքների ու գործողությունների մեջ։
Մենք դա չենք տեսել։ Բայց մեզանից շատերը հավատում են, որ դեռ նրանց մեջ կան մարդիկ, որոնք կարող են «կենդանության» նշաններ ցույց տալ ու փորձել դառնալ ինքնուրույն, եթե ոչ որպես հեղափոխական, ապա գոնե որպես արժանապատվություն ունեցող շարքային անհատ։ Դեռ շանսեր կան»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Փոփոխությունների հնարավոր սցենարները
- Ստեփան Դանիելյան. ՍԴ հանրաքվեից հրաժարումը կնշանակի, որ կառավարությունը խուսափում է վստահության հանրաքվեից
- Քաղաքագետ. Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց