Հրաձգության համաշխարհային աստղերից մեկը՝ Զինաիդա Սիմոնյանն այսօր կդառնար 70 տարեկան
ՀԱՕԿ-ը ներկայացնում է հրաձգություն մարզաձևի համաշխարհային ամենափայլուն աստղերից մեկին՝ երևանցի Զինաիդա Սիմոնյանին: Նա այսօր կդառնար 70 տարեկան։
Հրաձիգը եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի չեմպիոն, սահմանել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր, արժանացել է «Մովսես Խորենացի» պարգևի, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր:
ՀԱՕԿ-ը գրում է.
«Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձել է ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար, ապա` տնօրեն: Ավաղ, նա կարճ ապրեց: Կարճատև հիվանդությունից հետո, 2012թ. մարտի 23-ին, 62 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց մեծանուն հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը։
Նրա համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մեծ հայրենասերը երջանիկ ապրելու լավագույն միջոցը համարում էր երկրի անխոցելի պաշտպանությունը, մեր ազգային բանակը։ Իր ելույթներում հորդորում էր պատանիներին, որ կրակել սովորեն, տիրապետեն զենքին, ունենան սուր աչք և չդողացող ձեռք։ Հաճախ էր դիմում հայ մայրերին, որ իրենց տղաներին ուղեկցեն հրաձգարաններ։
Զինաիդա Սիմոնյանը աներկյուղ է հրաժեշտ տվել կյանքին, ինչպես վայել է մեծանուն մարզուհուն, մեծատառով մարդուն և մասնագետին, որին հայ մարզասերը իրավացիորեն համարում է Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշը»։