ԶԼՄ. COVID-19-ի դեմ ճապոնական դեղամիջոցի արդյունավետությունը դեռ չի հաստատել
Կորոնավիրուսը բուժելու համար կլինիկական փորձարկումներ անցած «Avigan» դեղամիջոցի արդյունավետությունը դեռևս չի հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով ճապոնական «Կիոդո» լրատվամիջոցին։
Դեղամիջոցը դեռևս վեց տարի առաջ մշակվել է «Fujifilm Toyama Chemical Co» ընկերության կողմից։ Երբ չինացի բժիշկները հայտարարել են կորոնավիրուսի բուժման գործում այդ դեղամիջոցի արդյունավետության մասին, Ճապոնիան սկսել է կլինիկական փորձարկումներ իրականացնել՝ նպատակ ունենալով մինչև մայիսի վերջ հաստատել այդ դեղամիջոցի օգտագործման արդյունավետությունը:
Սակայն մինչ օրս, ըստ գործակալության, չկա որևէ գիտական ապացույց դեղամիջոցի ակնհայտ արդյունավետության մասին: Մինչդեռ, կորոնավիրուսի դեմ դրա օգտագործումը հաստատելու համար անհրաժեշտ են հատուկ տվյալներ՝ օրգանիզմում վիրուսը չեզոքացնելու և թոքաբորբը վերացնելու վերաբերյալ: