Rolls-Royce-ը աշխատանքից կհեռացնի 9 հազար աշխատակից՝ կանխատեսելով պահանջարկի անկում
Rolls-Royce Holdings Plc բրիտանական մեքենաշինական հոլդինգը մասշտաբային վերակազմավորման շրջանակներում պլանավորում է աշխատանքից հեռացնել 9 հազար աշխատակիցների: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ քայլը բացատրվում է COVID-19-ի համաճարակի ֆոնին քաղաքացիական ինքնաթիռներ արտադրողների կողմից պահանջարկի կրճատումով:
Ընկերության հաստիքների ընդհանուր թիվը մոտ 52 հազար է: Այսպիսով, կրճատումը կազդի աշխատակիցների մոտ 17%-ի վրա:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, վերակազմավորումը թույլ կտա տարեկան խնայել ավելի քան 1,3 միլիարդ ֆունտ (1,57 միլիարդ դոլար): Դրա իրականացման ծախսերը կկազմեն մոտ 800 միլիոն ֆունտ, և կներառվեն 2020-2022 թվականների ֆինանսական ցուցանիշներում:
Rolls-Royce-ը նշել է, որ նախատեսվող վերակազմավորումը հիմնականում կազդի քաղաքացիական ավիատիեզերական ծրագրերի ստորաբաժանումների վրա: Նշվում է, որ ռազմական պատվերները կայուն են մնացել:
Rolls-Royce Group-ը ապահովում է էլեկտրոնային համակարգեր և ծառայություններ քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար, ծովային և էներգետիկ ոլորտներում:
Ընկերության կապիտալիզացիան այս տարվա սկզբից իջել է 60%-ով և ներկայում կազմում է մոտ 5.3 միլիարդ ֆունտ: