Մոսկվայի արվարձաններից մեկում Մի-8 ուղղաթիռի անձնակազմը զոհվել է կտրուկ վայրէջքի ժամանակ
Մի-8 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը կտրուկ վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, անձնակազմը զոհվել է: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին երեքշաբթի հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 20:00-ի սահմաններում Կլին քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Ուղղաթիռը կտրուկ վայրէջք է կատարել անմարդաբնակ տարածքում:
«Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի: Ըստ նախնական տեղեկությունների, աղետի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
«Դեպքի վայր է ժամանել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը»,- հայտնել են գերատեսչությունից:
Ռազմա-տրանսպորտային Մի-8-ը համարվում են Ռուսաստանի Զինված ուժերում ամենաշատ օգտագործվող ուղղաթիռներից մեկը:
Անձնակազմը բաղկացած է եղել երեք հոգուց: