«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերում մշակութային օջախներ են ստեղծվում
Գյումրիում՝ 2020-2025 թվականներին մշակութային նոր օջախներ բացելու ծրագրի շրջանակում, առաջիկա ամիսներին կբացեն մի քանի ցուցադրություններ։
«ԳՅՈՒՄՐԻ- 20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը նպատակ ունի այս ծրագրով միաժամանակ մի քանի խնդիրներ լուծել՝ «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում վթարային վիճակում գտնվող շենքերը վերականգնել ու գործարկել, տեղի երիտասարդությանը ներգրավել աշխատանքներում, այսինքն՝ ստեղծել աշխատատեղեր, հանրագումարում նպաստել հատկապես ներքին զբոսաշրջային հոսքերի ուղղորդմանը դեպի Գյումրի։
Ծրագիրն ունի նաև գիտական կոմպոնենետ, զուգահեռ ուսումնասիրում են Գյումրիի պատմությունը, անհայտ էջերը, մեծ հրատարակություններ են պատրաստելու։
Հայկ Դեմոյանն ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում ձեռք բերեց առաջին համալիրը, այժմ արդեն ընդհանուր 5 շենք են ձեռք բերել, 4-ը ինքը, 1-ը «ԳՅՈՒՄՐԻ -20/25» հիմնադրամի համահիմնադիր Դերենիկ Մալխասյանը։
«Բոլորը «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոցի մաս են, մեկը հանրապետական նշանակության է, մյուսները՝ տեղական նշանակության։ Դրանք մեր մասնավոր սեփականություններն են, բայց, իհարկե, շարունակում են մնալ մշակութային հուշարձաններ։ Վերականգնման ժամանակ ճարտարապետական նախնական տեսքից որևէ խաթարում չի լինում։ Ավելին՝ դիմել ենք քաղաքապետարան, փորձում ենք հեռացել ու ապամոնտաժել այն շենքերը, որոնք ավելի ուշ շրջանում ավելացվել են ու խաթարել շենքերի ճարտարապետական տեսքը»,- նշեց նա։
Հ. Դեմոյանի ներկայացմամբ, այս պահի դրությամբ աշխատում են «Ակումբ 1887» շենքի վրա, ուզում են ալեքսանդրապոլյան ոճով՝ ներքին հարդարանքով, ինտերիերով, փոքրիկ ակումբ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի միջոցառումներ անցկացնել, ֆիլմեր նկարահանել, քանի որ ներսում ամեն ինչ 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբն է հիշեցնում։
Հայկական լուսանկարչական արվեստի թանգարանը կբացվի ձեռք բերված 1886թ. Համազասպ Ծաղիկովի առանձնատան տարածքում։
1870-ական թվականների շենքում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի դրվագները (հայտնի է որպես Վարդուշի տուն), կբացվի «ՀԱՅՈՒՀԻ» թանգարանային ցուցադրություն ու Գյումրիում նկարահանված կինոֆիլմերի թեմայով առանձին ցուցասրահը։
«Հետաքրքիր բան ենք պատրաստում, առաջին բացումը հենց այստեղից էլ կլինի։ Երկու ամսից կբացվի «Հայֆիլմի», մասնավորապես, Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ բնօրինակ կինոպաստառների ցուցադրություն։ Շենքի մյուս սրահներում լինելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը։ Ներկայացվելու է իմ հավաքածուն՝ 16-20-րդ դարի բնօրինակ լուսանկարներ, անտիկ բացիկներ, փորագրանկարներ, որոնք ներկայացնում են հայուհու կերպարը։ «Հայուհի»-ն կբացվի հուլիսին»,- ասաց Հ. Դեմոյանը։
1899 թ. կառուցված առանձնատանը մոդելային վերանորոգման սցենարով կբացեն «Խորհրդային զբոսայգի-թանգարանը», այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ և ցուցադրության մշակում։
Ինչ վերաբերում է ծախսերին, Հ. Դեմոյանն ասաց, որ իր միակ սեփականությունը՝ բնակարանը, գրավադրել է ու այդ գումարով իրականացնում է աշխատանքները։ Նա նշեց, որ «Հայուհի» ցուցադրության նախագիծը ներկայացրել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն հայտը մերժել են։
«Իհարկե, կարող է ավելի լավ հայտեր կային, բայց մերժել էին, քանի որ դիտարկել էին մեր ներկայացրած նախագիծը որպես սրճարան, սակայն որևէ ակնարկ չի եղել այդ մասին։ Բյուջեն արտացոլում էր թանգարանային ցուցադրության հետ կապված ծախսերը, այնտեղ լինելու էր նաև փոքրիկ գրախանութ»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Գլխավոր նկարը՝ Հայկ Դեմոյանի ֆեսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի՞նչ ճակատագիր կունենա «Կումայրի»-ի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը
- Վարչապետը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնի տարածքում
- Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին
- Հանձնարարական՝ «Կումայրի» պատմական կենտրոնի հատակագծման, ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի մշակման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան