ԱՄԷ-ն մշակել է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդ
Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ընդգրկված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան այսօր հայտարարել է նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների քանակը:Այս մասին հայտնում է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։
«Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքը՝ որպես հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների միջազգային կենտրոն, այն ժամանակ, երբ աշխարհի գիտնականները մրցակցում են՝ մշակելու ամենաարագ և ճշգրիտ մեթոդը կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
Այս տեխնոլոգիան մասնագետներին հնարավորություն կտա իրականացնել մեծ մասշտաբով թեստավորումներ` ամրապնդելով դեպքերին հետևելու ունակությունը և նվազեցնելով հիվանդության բռնկումները։
Առողջապահության և համայնքների պաշտպանության նախարար Ն.Գ. Աբդուլ Ռահման բն Մուհամմադ ալ Օուիսը նշել է․
«Մենք հետաքրքրությամբ հետևում ենք կորոնավիրուսի հաղթահարմանը, նրա վաղ ու արագ հայտնաբերմանը վերաբերող բոլոր նորամուծություններին և զարգացումներին: Եվ ընդունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են օգտագործվել վիրուսի տարածումը կանխելու համար»: Ապա ավելացրել է, որ առողջապահության պատասխանատուները շարունակաբար հետևում են Քվանտ Լիզ լաբորատորիայում այդ սարքավորումների ստուգման առաջընթացին` հույս հայտնելով, որ սա արդյունավետ տեխնոլոգիական նորամուծություն է և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել մեր հասարակության համար:
Իր հերթին, լաբորատորիայի հետազոտողների խմբի ղեկավար, դոկտոր Պրոմադ Կումարը, ով վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրում և վերլուծում էր վիրուսով վարակված արյան բջիջների կառուցվածքի փոփոխությունները, նշել է. «Այդ գործիքը, որն օգտագործում է էլեկտրոնային մանրադիտակ, թույլ կտա հետազոտությունները կատարել զանգվածային մասշտաբով եւ արդյունքները թողարկել վայրկյանների ընթացքում»:
Արհեստական բանականության և ամպային հաշվարկի առաջատար «Quaint Liz» լաբորատորիան կիրառել է G42-ի տեխնիկական գիտելիքները` ամրապնդելու լազերային ծրագիրը մարդկային կարողությունները գերազանցող եղանակով:
Գիտական հետազոտությունների իրականացումը և մարդկանց բարեկեցության հասնելուն ուղղված գիտական նորամուծություններին և գյուտերին խրախուսելը ԱՄԷ-ի կառավարության կողմից 2018 թվականի փետրվարին հայտարարված առաջադեմ նորարարությունների ազգային ռազմավարության ամենակարևոր հիմնասյուներից է, որտեղ ռազմավարությունը նաև ենթադրում է համագործակցություն միջազգային ինստիտուտների և առաջատար միջազգային ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են նորարարության բնագավառում»,- նշված է հաղորդագրությունում: