Չեխիայի ՊՆ-ն հրաժարվել է Ռուսաստանին հանձնել Մարշալ Կոնևի ապամոնտաժված արձանը
Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը բացասական պատասխան է հղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նամակին, որում առաջարկվում էր Պրահա-6 շրջանի քաղաքային իշխանությունների կողմից հանված Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևի արձանը հանձնել Ռուսաստանին: Այս մասին գրում է Tass-ը։
«Հուշարձանը Պաշտպանության նախարարության սեփականություն չէ: Այն չի գտնվել նրա հողամասերի տարածքում: Իրավական ստանդարտների համաձայն, այն չի կարող ընդգրկվել ռազմական գերեզմանատների կատեգորիայի տակ։ Հիմնվելով գործող օրենսդրության վրա, Չեխիայի պաշտպանության նախարարությունն իրավունք չունի միջամտել սեփականատիրոջ իրավունքներին և, հետևաբար, ոչ էլ որոշելու իրավունք՝ Ռուսաստանի Դաշնություն հնարավոր տեղափոխման վերաբերյալ», - ասվում է նամակի պատասխանում:
Մեթնարը նշել է, որ Չեխիան հարգանքի տուրք է մատուցում Չեխոսլովակիայի ազատագրման ժամանակ ընկած Կարմիր բանակի զինծառայողների հիշատակին և պատշաճ խնամք ապահովում սովետական զինվորների ռազմական գերեզմաններին:
Նշվում է, որ ռուս-չեխական հարաբերությունները սրվել են Մարշալ Կոնևի հուշարձանի ապամոնտաժման արդյունքում։
Շոյգուն իր նամակում ընդգծել էր Մարշալ Կոնևի նշանակալի դերը Պրահայի և ամբողջ Եվրոպայի՝ նացիզմի ազատագրման գործում, նշելով, որ միայն Պրահայի ռազմավարական գործողության ընթացքում չեխ ժողովրդի ազատության և անկախության համար պայքարող ավելի քան 50 հազար սովետական զինծառայող սպանվեց և վիրավորվեց: Նամակում ասվում է, որ Ռուսաստանում չեն կարող «անտարբեր մնալ» Մարշալ Կոնևի հուշարձանի քանդման կապակցությամբ, ինչի կապակցությամբ Շոյգուն առաջարկել էր իր չեխ գործընկերոջը «հուշարձանը հնարավորինս շուտ տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն»:
Մարշալ Կոնևի հուշարձանը ապրիլի 3-ին հանվեց պատվանդանից՝ Պրահա-6 թաղամասի քաղաքային իշխանությունների որոշմամբ, որի վարչական տարածքում այն գտնվում էր: Նրանք նախատեսում են այն փոխանցել քսաներորդ դարի թանգարանին, որը պետք է ստեղծեր Պրահայի քաղաքապետարանը: Փոխանցման մասին որոշումը քաղաքապետարանը կայացրել է նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին: