Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 56 տուժածի տրամադրվել է 630 մլն դրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, նախարարը մասնավորապես նշել է, որ դատական և իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին:
Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման: Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:
Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մշակել նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վավերացումը իրականացնելու համար էլեկտրոնային հարթակ (ֆինանսավորման չափը՝ 20 միլիոն ՀՀ դրամ): Համաձայնություն է ձեռք բերվել արդիականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը (ֆինանսավորման չափը՝ 80 միլիոն ՀՀ դրամ):
Եվրոպական միության հետ բանակցվել ու վերջնականացվել է դատական և իրավական բարեփոխումների նոր բյուջետային աջակցության ծրագրի փաթեթը՝ ընդհանուր՝ 30 մլն եվրո արժողությամբ: Ֆինանսավորման համաձայնագիրը կստորագրվի այս տարի:
2019-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված Սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, Սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը, Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը:
Ըստ աղբյուրի, 2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում:
Բադասյանի խոսքով, ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ:
2019-ի ընթացքում Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 30 տոկոսով: ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով:
2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում: Ծրագրին միացել են արդեն 3 ծննդատուն, մոտ օրերս կմիանա ևս 5-ը:
2020-ի մարտից Արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո, Ազգային արխիվ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2019 թվականի գործունեության արդյունքներից և կարևորել վերը նշված ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը, կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կյանքի կոչումը և ընդգծել ծրագրերի արդյունավետ ու ժամանակին կատարման անհրաժեշտությունը: