26-ամյա երիտասարդը հարևանի տնից գողացել է 2, 8 մլն դրամ և արծաթյա զարդեր
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրավապահներն արձանագրել են որտեղից է կատարվել գողությունը, կազմել են համապատասխան արձանագրություններ: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել էին 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ և արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարևանը: Կասկածվողը մայիսի 16-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն:
Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարևանի բնակարանի դուռը և կատարել գողություն:
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: