Սեպտեմբերի մեկից թոշակառուների մի մասը գումար կստանա անկանխիկ եղանակով. նախագիծ
«Առաջարկում ենք սեպտեմբերի մեկից պետական կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցում կատարել»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ ըստ օրենքի նածխագծի, կենսաթոշակների վճարումները հիմնականում իրականացվելու են անկանխիկ տարբերակով, թեև նախատեսվում են որոշակի բացառություններ։
Օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է, և որևէ պատգամավոր գրավոր առաջարկ չի ներկայացրել։ Այնուամենայնիվ, կառավարությունն առաջարկում է մի քանի փոփոխություն իրականացնել և որոշ դրույթներ հստակեցնել։
«Փոփոխություններից առաջինով առաջարկում ենք նախապես նշված 2020 թվականի հուլիսի 1 ժամկետը հետաձգել մինչև սեպտեմբերի 1։ Հիշեցնեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով, նախատեսվում էր, որ կենսաթոշակ ստանալու համար հուլիսի 1-ից դիմած բոլոր քաղաքացիները բացառապես անկանխիկ եղանակով են ստանալու կենսաթոշակները։ Իհարկե, կան բացառություններ, եթե քաղաքացին 75 տարեկանից բարձր է, կամ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունի»,- տեղեկացրեց Ս. Սաիյանը։
Նա շեշտեց, որ պետք է հստակեցվի նաև գյուղերի ցանկը, որտեղ կենսաթոշակը կանխիկ եղանակով է վճարվելու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ նախագծի իմաստը անկանխիկ շրջանառությանը խթանե՞լն է։
Պատասխանելով հարցին՝ Ս. Սաիյանն ասաց, որ ուղղակի նպատակը ոչ թե անկանխիկ գումարի շրջանառությունը խթանելն է, այլ կենսաթոշակների վճարման եղանակը հարմարավետ դարձնելը։
Բ. Թունյանն էլ արձագանքեց՝ եթե 70 տարեկան մարդը թոշակը ստանում է քարտով ու, ենթադրենք, ապրում է Շիրակի մարզի մի հեռավոր գյուղում, ի՞նչն է լինելու իր անելիքը. նա գնալու է ամբողջ գումարը քարտից հանի և գնումներ անի. «Այն տարածաշրջանը, որտեղ այս մարդիկ ապրում են, 100 խանութից 1-ում գուցե լինի անկանխիկ վճարման համակարգ։ Բացի այդ, հարց է՝ մենք անկանխիկ համակարգի անցնելով հարմարավետությո՞ւն ենք ստեղծելու, թե՞՝ անհարմարություններ»։
Արձագանքելով Ս. Սաիյանը շեշտեց, որ կառավարությունը անցման փուլային տարբերակն է ընտրելու։
«Հաջորդ տարի մենք ընդգրկելու ենք բոլոր քաղաքները։ Այդ ժամանակն օգտագործելու ենք, որ ենթակառուցվածքներ ստեղծվեն և հասանելիության հարցը լուծվի։ Մենք ուզում ենք փուլային տարբերակով լուծել բանկային համակարգի հասանելիության խնդիրը»,- մեկնաբանեց Ս. Սաիյանը։