«Դիմորդները կասեն էս կորոնավիրուսը լազաթ տվեց». Նիկոլ Փաշինյան
«Այս կորոնավիրուսի շուրջ այնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն էս կորոնավիրուսը լազաթ տվեց»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարից ճշտելով, թե այս տարի բացի այն, որ լինելու է ԲՈՒՀ-երի ընդունելության մեկ քննություն, այլև այդկամընտրական առարկայի ընտրությունը թողնվելու է դիմորդին:
«Այդ քննական առարկան որոշել ենք բուհերի հետ քննարկումների արդյունքում: 3 պարտադիր առարկաներից ընտրվել է մեկ քննական առարկա, իսկ այն քննությունները, որոնք տվյալ ֆակուլտետի համար եղել են կամընտրական, մենք թույլ ենք տալիս որպեսզի դիմորդը որոշի՝ որ քննությունն է հանձնում և այդ քննությունն է լինելու մրցութային»,- պատասխանելով վարչապետի ճշտող հարցին՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ եթե մրցույթի գնահատականները լինեն հավասար, ապա համեմատելու են դիմորդների ատեստատներում այդ առարկայի գնահատականը և եթե կրկին հավասար լինեն արդյունքները, ապա կդիտարկվի ատեստատի ընդհանուր միջին գնահատականը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այդ տեղեկատվությունը փոխանցեց՝ ներկայացնելով «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշումը:
Ըստ նախարարի, Հայաստանում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության և պարետատան կողմից սահմանված կանոնները:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ հայտերի ընդունման ամբողջությամբ թվայնացված գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ին, կավարտվի հունիսի 15-ին և հուլիսի առաջին տասնօրյակին կանցկացնեն ընդունելության քննությունները:
«Որոշումը մշակելիս համագործակցել ենք պաշտպանության նախարարության հետ, որպեսզի զորահավաքի գործընթացի հետ կապված որևէ ժամկետ չխախտենք»,- հայտարարեց նախարարը: