Կառավարությունը 5 մլրդ դրամ հատկացրեց երկարաժամկետ ծրագրերի համար
Կառավարության նիստում, ներկայացնելով «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախկինում ծավալված քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ արագ արձագանքման կարճաժամկետ միջոցառումների տրամաբանությունը պետք է փոխվի և անցում կատարվի երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերին:
Ըստ նախարարի, 5 մլրդ-ի ծրագիրը նախատեսված է 50 մլրդ դրամի հեռանկարով, բայց միայն առաջին արդյունքներն ամփոփելուց հետո, եթե տեսնեն, որ ընտրված ճանապարհը համոզիչ է, կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ:
«50 մլրդ աջակցությունը բաղկացած է լինելու հնարավոր 10 առանձին 5-միլիարդանոց հատկացումներից, և սա դրանցից առաջին 5 միլիարդի հատկացման որոշումն է»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:
Հաջորդ փուլերի վերաբերյալ որոշումները, ըստ նախարարի, կառավարությունը կամրագրի նախորդների հաշվետվությունները գնահատելու արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ նախագծի շարժիչ ուժը եղել է այն, թե ինչպես անել, որ մասնավոր հատվածում առկա ծրագրերը, որոնք առանց Կառավարության աջակցության՝ մեկնարկի և առաջընթացի հարցում դժվարություններ կունենան, ստանան աջակցություն և սկսեն գործել:
Ֆինանսական այս օժանդակության պայմաններից մեկն այն է, որ առնվազն կառավարության ներդրման չափով էլ ներդրում պետք է կատարի մասնավոր ներդրողը:
Շեշտելով, որ ներդրումների չափով նաև վարկային ռեսուրսներ կներգրավվեն՝ էկոնոմիկայի նախարարը նշեց. «Սա նշանակում է, որ գործում է 1+1+2 = 4 բանաձևը, որը կառավարության կողմից ներդրվող յուրաքանչյուր մեկ միավոր ներդրումների շնորհիվ ծրագրում ապահովում է առնվազն չորս միավոր ներդրումային ծախսեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հավելեց, որ կառավարությունը 5 մլրդ դրամը տալու է Կենտրոնական բանկում ստեղծված ներդրումային հիմնադրամին, որի կառավարիչ է Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը:
«Հիմնադրամը պետք է փնտրի և գտնի պոտենցիալ ներդրողների, որոնք կունենան վստահելի նախագծեր: Եվ ներդրողի ներդրած մեկ միավորի դիմաց, որը 1-2 մլն դոլարի սահմաններում է, պետք է ներդնի ևս մեկ միավոր՝ պայմանով, որ ևս երկու միավոր պետք է ներգրավվի որպես փոխառու միջոց: Մենք այս փուլում 5 մլրդ-ը տրամադրում ենք և ասում ենք, որ այս ծրագիրն ունի մինչև 50 մլրդ դրամի պոտենցիալ»,-հայտարարեց վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, գործադիրը իր մասնաբաժինն է ունենալու այդ ներդրումային ծրագրերում և ինչ-որ պահի իր բաժնեմասը օտարելու է: