ԱՆ. Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում
Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ոչ միայն պաշտոնական ուղերձներով, այլև դեմ առ դեմ բաց հանրային քննարկումներում բոլոր դիտարկումներին ու մտահոգություններին անդրադառնալու մեր պատրաստակամությունը։
Այսպես՝
1. «Վարագույների հետևում, առանց հանրային քննարկման» վավերացնելու մասին պետք է նշել, որ վավերացում պահանջող յուրաքանչյուր կոնվենցիայի ներպետական գործընթացը նույնն է, և ենթադրում է իրավասու մարմինների կարծիքներ, եզրակացություններ ստանալ, վավերացման առաջարկությանը Կառավարության նիստում հավանություն տալ, Սահմանադրական դատարանի որոշում, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկում և եզրակացություն, լիագումար նիստում քննարկում և քվեարկություն։
Նշված բոլոր գործողությունները Լանզարոտեի կոնվենցիայի դեպքում հրապարակային են եղել, փաստաթղթերը հասանելի են բոլոր իրավասու մարմինների կայքերում, բացի այդ, թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի, և թե՛ լիագումար նիստերն առցանց հեռարձակվել են։
Ի դեպ, պարոն Զոհրաբյանը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նույն նիստին, որի ընթացքում Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է ներկայացրել վավերացման հարցի վերաբերյալ, իհարկե, Կոնվենցիայի քննարկմանը պարոն Զոհրաբյանը չմնաց։ Մանրամասները` տեսանյութում (4:03:05 րոպեից)։
Ինչևէ, կոնվենցիաների դեպքում ազգային մակարդակում քննարկումները ծավալվում են դրանց միանալու (ստորագրել, վավերացնել) կամ չմիանալու շուրջ և ոչ թե դրանց տեքստերում փոփոխություն անելու վերաբերյալ։ Կարծում ենք՝ պարոն Զոհրաբյանի կողմից առաջարկված քննարկումներն առավելապես վերաբերում են Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի հարցերին, որոնց վերաբերյալ իրավասու գերատեսչությունների ներգրավմամբ քննարկումներից կարծես որևէ մի գերատեսչություն չի հրաժարվել։ Ուստի, ամեն ինչ առջևում է։
2. «Հայտնաբերված» փաստաթղթի մասին
Պարոն Զոհրաբյանը և այլ բանախոսներ «Սեռական կրթության եվրոպական ստանդարտներ» ձևակերպմամբ նշում են մի փաստաթղթի մասին, որը յուրաքանչյուր ոք «Google» համակարգում պարզ որոնմամբ կարող է գտնել։ Այս փաստաթուղթը 19 տարբեր ոլորտների փորձագետների կողմից կազմված առաջարկություն է քաղաքականություն մշակողների համար։
Իհարկե, բանախոսները չեն նշում անգամ մեկ եվրոպական երկրի օրինակ, որտեղ վկայակոչված «ստանդարտը» կիրառվում է։ Նույն հաջողությամբ կարելի է գտնել յուրաքանչյուր ոլորտին վերաբերող ինչ-որ փորձագետների պատրաստած փաստաթուղթ և պնդել, որ դա ստանդարտ է տվյալ ոլորտի պետական քաղաքականության համար և այն կապել ինչ որ կոնվենցիայի հետ։
3. Լանզարոտեի կոնվենցիան և դրա կապը սեռական կրթության հետ
Պարոն Զոհրաբյանի տեսաուղերձում մեջբերված հանրային քննարկման ընթացքում էլ հստակ նշվել է (6:15 րոպեից), որ Լանզարոտեի կոնվենցիան սեռական կրթության ստանդարտներ չի սահմանում և, ընդհանրապես, միտված է երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու նպատակին, ուստի այս առումով կանխարգելումը կարևոր նշանակություն ունի։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, որպես նման հանցագործությունների կանխարգելման միջոց, նշվում է, որ երեխաներին, իրենց հասունության և ընկալման հնարավորություններին համապատասխան, տարրական և միջնակարգ կրթության մակարդակներում ծնողները և մանկավարժները համագործակցված ձևով պետք է տեղեկություններ տան նման ռիսկերի և ինքնապաշտպանության միջոցների մասին։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածը մասնավորապես նշում է. «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:
Բացատրական զեկույցի նշված կետն էլ ասում է, որ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ տեղեկությունները սեռականության ընդհանուր համատեքստից դուրս տրամադրելը կարող է երեխաների համար մտահոգիչ լինել: Ուստի, նման վտանգների վերաբերյալ տրամադրվելիք տեղեկությունները պետք է ներկայացվեն սեռական կրթության ընդհանուր համատեքստում: Պետք է նաև ուշադիր լինել, որ այդ տեղեկությունները բացասաբար չանդրադառնան երեխաների մոտ չափահաս անձանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա:
Նույն Բացատրական զեկույցում այս առումով նաև նշվում է, երեխաներին, ընդհանրապես, թե՛ սեռական բնույթի հարցերի, թե՛ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է (կետ 58), բացի այս նշվում է, որ ռիսկերի մասին նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում (կետ 60):
Այլ կերպ ասած, ըստ Կոնվենցիայի՝
- երեխաների հետ թե սեռականության հարցերի և բռնության ենթարկվելու ռիսկերի մասին խոսելն ու կրթելը ծնողների առաջնային պարտականությունն է, և մանկավարժների հետ համագործակցված այս դաստիարակությունը կարող է լինել արդյունավետ,
- Սեռական բռնության ենթարկվելու մասին վտանգները, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները պարտադիր չէ, որ դառնան ֆորմալ կրթական ծրագիր,
- առավել կարևոր է, որ այդ տեղեկությունները երեխաներին տրամադրվեն ըստ անհրաժեշտության սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, իրենց տարիքին, հասունությանը և ընկալման կարողությանը համապատասխան։
Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը Կոնվենցիայի հետ, և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում։
4. Ակնարկների մասին
Եվրոպայի խորհրդի բոլոր կոնվենցիաներն ունեն բացատրական զեկույցներ, Լանզարոտեի կոնվենցիան բացառություն չէ և այս համատեքստում Ստամբուլի կոնվենցիայի անվան հիշատակումից այս երկու կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքների կարևորությունը չի նվազում։ Կարևոր է նաև, որ պարոն Զոհրաբյանը բազմիցս հայտարարել է, որ թե՛ որպես փաստաբան, և թե՛ որպես մարդ, դեմ է որևէ տեսակի բռնությանն ուղղված որևէ անձի դեմ՝ անկախ այդ անձի որևէ հատկանիշից։
Վստահ ենք, որ Կրթության ոլորտի պետական քաղաքականության պատասխանատուների, մանկավարժների, հոգեբանների ու սոցիալական աշխատողների հետ սեռական դաստիարակության վերաբերյալ քննարկումների պակաս առաջիկայում չի լինելու, ուստի, ինչպես պարոն Զոհրաբյանն էր նշում իր խոսքում, «այս հարցը թողնենք մասնագետներին» և իրավաբաններով բավարարվենք թերևս այն փաստի արձանագրմամբ, որ Լանզարոտեի կոնվենցիան չի պահանջում ոչ սեռական դաստիարակության ներմուծում (ինչն իրապես կարևոր խնդիր է), ոչ սեռական կրթության հատուկ ծրագիր և ոչ էլ առավել ևս որևէ «ստանդարտ»»,- նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սեռական դաստիարակության բոլոր վտանգների մեջտեղում մեր երեխաներն են. Բժիշկ-սեքսոլոգ
- Պետության պարտավորությունն է՝ հանրակրթության միջոցով երեխաներին սեռական անձեռնմխելիության մասին գիտելիքներ տալը. Կարապետյան
- Արա Զոհրաբյան. Ինչո֩ւ է Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունվել արտակարգ դրության պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան