Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ կլինի մոտ 300 մլն դոլար
«Մինչև այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 միլիարդ 98 միլիոն դրամ, ևս 2 միլիարդ 15 միլիոն դրամ մենք ստացել ենք պետբյուջեից, ևս 1 միլիարդ 420 միլիոն շուտով կստանանք պետական բյուջեից․ ընդամենը 4 միլիարդ 540 միլիոն դրամ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերը չեն հրապարակում, որպեսզի հանրության համար պարզ դառնա, թե ինչքան գումար է ծախսել բժշկական սարքերի, աշխատավարձերի վրա։
Նախարարն ասաց, որ այս պահի դրությամբ փաստացի ծախսը, որը դուրս է եկել հաշվեհամարից, այսինքն՝ վճարվել է, կազմել է 2.4 միլիարդ դրամ, և սա համարում է շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, կատաստրոֆիկ փոքր թիվ։ Տարբեր գնահատականներով, ըստ նրա, մեր երկրին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտ 300 միլիոն դոլար։
Թորոսյանը հայտնեց, որ մոտավորապես 464 միլիոն դրամ արդեն վճարվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա։ Բժշկական սարքերի մասով՝ ընդհանուր, բայց դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, ի դեպ ոչ միայն պետական բյուջեից, նաև տարբեր աղբյուրներից ՝ վարկային միջոցներ, նվիրատվություններ, կծախսվի 1,6 միլիարդ դրամ, արդեն մատակարարված է 492 միլիոն դրամ, սպասողական՝ 970 միլիոն դրամի, մրցութային փուլերում՝ 164 միլիոն դրամ։
Պատասխանելով հարցին, թե պարբերաբար լուրեր են շրջանառվում կարանտային զոնայում բարձր աշխատավարձեր ստանալու մասին, տեղեկություններ կան, որ մի շարք բժիշկներ դժգոհ են իրենց ստացած պարգևավճարներից, նույնիսկ պարետի հետ հանդիպում են խնդրել, Ա. Թորոսյանը պատասխանեց. «Կներեք, ցա՞ծր աշխատավարձի մասին լուրեր պիտի շրջանառվեին։ Բա մարդիկ իրենց առողջությունը, կյանքը դրել են զոհասեղանին ու 24 ժամ աշխատում են, իհարկե, պետք է ստանան բարձր աշխատավարձ։
Բոլոր բժիշկների հետ աշխատավարձի վերաբերյալ կնքվում է պայմանագիր։ Դրանից զատ լինում են պարգևավճարներ, որոնք միգուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց դրանք ավելի քան պատշաճ են իրենց կատարած աշխատանքին և այդ միջոցառումները շարունակական է»։
Հարց- Այսօրվա դրությամբ քանի՞ վարակված բուժաշխատող կա։
Ա.Թորոսյան- Բուժաշխատողների շրջանում, խոսքը բժշկական հաստատությունների անձնակազմին է վերաբերում, այդ թվում՝ ոչ բժշկական աշխատողներին, օրինակ, շտապօգնության վարորդ, տեխնիկ, տնտեսական աշխատող, արձանագրվել է 375 դեպք։
Սա վարակվածների ընդհանուր թվի 6-7 տոկոսն է կազմում, միգուցե մի քիչ ավելի։ Նրանք լինելով ամենամեծ ռիսկի գոտում գտնվող քաղաքացիները, ավելի շատ են հիվանդանում, քան այլ տնտեսական գործունեության վարող քաղաքացիները։
Հարց- Մեր տեղեկություններով հիվանդանոցներից մեկում բռնկման օջախ է եղել, որտեղ դիալեզով հիվանդներ կան վարակված։
Ա. Թորոսյան- Կա բժշկակական հաստատություն, որտեղ որ դիալեզ են ստանում այն քաղաքացիները, որոնք որ ունեն դրական ախտորոշում։ Դրա մեջ որևէ արտասովոր բան չկա։ Մենք կազմակերպել ենք այդ բուժօգնությունն այնպես, որ դրական ախտորոշում ունեցող և դրական ախտորոշում չունեցող դիալեզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար։
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը (լրացված)
- 21.05.2020. Կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և3 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին