Փաստաբանն ակնարկում է՝ փորձում են փոխել Դավիթ Գրիգորյանի գործով դատավորին
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարում է՝ օդում կախված լուրերի համաձայն դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արդեն մուտքագրվել է դատարան ու համակարգչի կողմից մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։
«Միաժամանակ ներկա պահին Դատալեքս տեղեկատվական համակարգը անառողջ «ցնցումների» մեջ է ընկել... Ինչևէ սպասում ենք զարգացումներին ու կոչ անում «տեղեկատվական համակարգին» չցնցվել»,- գրել է փաստաբանը։
Հաջորդ գրառմամբ նա հիշեցրել է դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու համար օրենքով սահմանված պատժի մասին։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդված.
«Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը
1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ տարածած հայտարարության մեջ նշվում էր՝ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ ։
Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսկվեցին այն բանից հետո, երբ դատավորը Արցախի Հանրապետության այդ ժամանակ գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ կալանքից ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցրել էր ու այն ուղարկել Սահմանադրական դատարան:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն էր հայտնել ավելի քան 100 փաստաբան։
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստ․ Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ԲԴԽ անդամի
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
- Հայկ Ալումյան. Միջնորդելու ենք, որ փաստաբաններն ու ԶԼՄ-ները մասնակից լինեն Դավիթ Գրիգորյանի գործերի մակագրմանը
- Դատախազությունը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվածք քրեական գործից մանրամասներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին