ՊԵԿ. Պարզաբանում ծխախոտի արտահանման վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է ՀՀ-ից ծխախոտի արտահանման վերաբերյալ։
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:
Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014 թ.-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի:
Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանգրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են`
1) մարդու կյանքի և առողջության պահպանման,
2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,
3) շրջակա միջավայրի պահպանության,
4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության,
5) միջազգային պարտավորությունների կատարման,
6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու:
Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։
Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են»,- նշված է ՊԵԿ պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վորոնեժ չվերթ կատարած ինքնաթիռի բեռը «90 տոկոսը` հիմնականում ծխախոտ» է եղել
- Միքայել Մինասյան. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»
- Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է ձերբակալվել
- Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
- 168.am. «Մենք ծխախոտի միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյան
- ՊԵԿ-ը պարզաբանում է Հայաստանից ծխախոտի «անօրինական» արտահանման մասին տեղեկությունը
- Չնայած փակ սահմաններին՝ ՌԴ-ում ԱԴԾ-ն Կրասնոդարում առգրավվել է Հայաստանից 40 տոննա ապօրինի ծխախոտ