«Տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներից ստանում եմ խնդիրների մասին բարձրաձայնում-բողոք, իսկ ԿԳՄՍ-ն չի ստանում». Ա. Ջուլֆալակյան
«Երբ ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, նա մի միտք արտահայտեց, որ ինքը ոչ մի մարզաձևից խնդիր, բողոք չի ստացել այս իրավիճակի հետ կապված»,- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:
Նիստի մասնակիցները հայտնեցին, որ համաճարակի հետ կապված անորոշ վիճակ է, իրենք ցանկանում են անվտանգության կանոնները պահպանելով մարզումներ և մրցումներ իրականացնեն, բայց լիազոր նախարարությունը իրենց գրություններին անորոշ պատասխաններ է տալիս, թե հարցը քննարկման փուլում է:
«Այսպիսի հակասական վիճակ է, ես ձեզանից, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներից ստանում եմ խնդիրների մասին բարձրաձայնում-բողոք, իսկ ԿԳՄՍ-ն չի ստանում, ուզում էի հասկանալ, չկա՞ այդ անմիջական ուղիղ կապը ԿԳՄՍ-ի հետ»,- հայտարարեց պատգամավորը:
Ջուլֆալակյանը կոչ արեց ակտիվ աշխատել ԿԳՄՍ-ի հետ:
«Խնդիրների դեպքում դիմեք նախարարությանը, ոչ թե միայն պատգամավորներին, որպեսզի նախարարությունը իմանա, որ խնդիր կա, կամ տվյալ ոլորտը վատ է համակարգվում, կամ չի համակարգվում»,- հայտնեց պատգամավորը և նկատեց, որ ներկաներին լսելիս տպավորություն է ստանում, որ ինֆորմացիայի պակաս կա և կապը պարետատան և նախարարության հետ բավարար չէ:
«Աշխատանքային ռեզերվներ» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Արման Այվազյանը հայտնեց, որ ԿԳՄս նախարարության հետ կապը կա, բայց հարցերի շուրջ ունեն տարաձայնություններ, կան մասնագիտական և ոչ մասնագիտական խնդիրներ:
Այվազյանը պատգամավորին խնդրեց, որպեսզի խորհրդարանում բարձրացնի Ազգային ժողովի գավաթի խաղարկության անցկացման հարցը, որն արդեն 30 տարի է իրականացվում է:
«Ատլետիկական մարզական ձևեր են, աշակերտներն առանց շփման մասնակցում են անհատական ձևով: Յուրաքանչյուր դասարանից 4 երեխա գալիս է անհատական հանձնում է նորմատիվները, մրցավարները գնահատում են, երեխան գնում է տուն: Վերջում մրցավարների գնահատականների հիման վարա լավագույն արդյունքը հրապարակում են, երեխաներին հրավիրում ու պարգևատրում ենք»,- հայտնեց Արման Այվազյանը՝ ներկայացնելով խաղարկության անցկացման անվտանգ պայմանները:
Նկատելով, որ համաճարակի պատճառով նպատակահարմար չի համարում այդ միջոցառման չանցկացումը՝ բանախոսը նշեց, որ ստացել են նամակները մարզերի բոլոր դպրոցններից: Ըստ Այվազյանի, երեխաները գիտեին, որ անհատական են հանձնելու և նախապատրաստվել են նորմատիվներին:
«Միչև այս պահը չկա ցուցում, կա կարծիք, որ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բոլոր տեսակի և տիպի միջոցառումները չեղարկվելու են»,-եզրափակեց ՀԿ փոխնախագահը:
Արսեն Ջուլֆալակյանը նկատեց, որ համաշխարհային օլիմպիական կազմակերպությունների մակարդակով էլ կան համաճարակի հետ կապված անորոշություններ և պետք է քննարկումների արդյունքում գտնել որոշակի ոչ ռիսկային լուծումներ: