Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը ԲՈԿ նախագահը ներկայացրել է՝ չունենալով իրավական հիմք.Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավագիտության մագիստրոս Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի՝ իր ատենախոսության վերաբերյալ հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է.
«Ընդհանուր առմամբ, ատենախոսությունների վերագնահատման ձախողված փորձերի մասին չափից շատ է խոսվել: Իրականում առկա այդ գործընթացները աղերս չունեն գիտության զարգացման և առավել ևս՝ «բարեփոխում» եզրույթի հետ: Դրանք հետապնդում են բոլորովին այլ իրական նպատակներ:
Ինչ վերաբերում է իմ ատենախոսության վերաբերյալ Սմբատ Գոգյանի տարածած ապատեղեկատվությանը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը.
1. Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը ԲՈԿ նախագահը ներկայացրել է՝ չունենալով օրենքով և ԲՈԿ կանոնադրությամբ նախատեսված իրավական հիմք, լիազորություն, գործող օրենսդրությամբ սահմանված չեն այդ գործընթացի իրականացման կանոնակարգը և պետական չափանիշները: Այս ամենի մասին ինքը ևս բազմիցս բարձրաձայնում է և հայտնել է գրավոր դիրքորոշում:
2. Նրա դիտարկումը բովանդակում էր նաև ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի հիմքերի պահպանումը ԲՈԿ-ի հիմնական գործառույթն է. 2002 թվականին ես պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտական շիֆրով, այլ ոչ թե «Միջազգային տնտեսագիտություն» շիֆրով:
3. Ականավոր բազմաթիվ գիտնականներ են իմ ատենախոսության վերաբերյալ տվել դրական կարծիքներ՝ առարկայական հիմնավորումներով:
4. Իսկ իմ ատենախոսության վերագնահատման վերաբերյալ նույնիսկ առկա չէ մասնագիտական որևէ հանձնաժողովի եզրակացություն, որը գոնե առկա է եղել Գոգյանի կողմից հնչեցվող մյուս դեպքերում: Հետևաբար, անբացատրելի է առանց մասնագիտական տեսակետների՝ Գոգյանի հայտարարությունը, թերևս, եթե դա պայմանավորված չէ բոլորովին այլ՝ նեղ շահերով:
Ես շարունակում եմ իմ գիտա-մանկավարժական և մասնագիտական աշխատանքը, զբաղված եմ ինձ համար հաճելի և հանրօգուտ գործերով: Երբ կլինեն հաստատված ատենախոսությունները վերագնահատելու՝ օրենքով սահմանված հիմքեր, իրավասու պետական մարմին, անհրաժեշտ կանոնակարգեր և պետական չափանիշներ և ըստ այդմ կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, տասնյակ հազարավոր գիտնականների նման՝ ես էլ եմ պատրաստ անցնել այդ գործընթացով»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում Գոգյանի հայտարարությունների հարցով արտահերթ նիստ կգումարվի
- «Ժողովուրդ». Փաշինյանը կընդունի՞ Գոգյանի հրաժարականը
- Սմբատ Գոգյան. ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան