647 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով
«Ընդհանուր առմամբ 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախնական տարբերակով արտոնություն էր սահմանված 930 ապրանքների համար, իսկ նոր համաձայնագրով մեկ տարով երկարաձգվող այդ արտոնությունը չի տարածվի տրանսպորտային միջոցներին վերաբերող 293 ապրանքի վրա:
Ըստ փոխնախարարի, արտոնության ենթակա ապրանքային խմբերից են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը և սպառողական զամբյուղի սոցիալական նշանակության այլ ապրանքները:
«Մեր հաշվարկներով, որոշ պարենային և արդյունաբերական ապրանքների գները կնվազեն միջինը 3 տոկոսով և հայկական տնտեսվարողներն առնվազն կտնտեսեն մոտ 30 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք»,- հայտարարեց Վարոս Սիմոնյանը և տեղեկացրեց, որ այդ գումարի միայն 1.22 տոկոսն էր մտնելու ՀՀ բյուջե:
Փոխնախարարը հայտնեց, որ համաձայնագիրը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Ներկայացնելով համաձայնագիրը, փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել էր նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:
Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին:
Ըստ փոխնախարարի, հայկական կողմի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով:
«Արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկումների արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 293 ապրանքների»,- հայտնեց փոխնախարարը:
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց այդ և էկոնոմիկայի ներկայացրած մեկ այլ՝ «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության և Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին»՝ արդեն այդ երկրի համար նման արտոնություն սահմանող նույնաբովանդակ արձանագրությունը, որոնք կքննարկվեն ԱԺ առաջիկա նիստում: