Երախտագիտություն՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակին ու չեխ ժողովրդին
Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռեւս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է:
«Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ:
«2019թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը ևս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցն էր բարձրացրել և հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ և Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական հսկայական ճնշումներին, արդարության վերականգնման, Ցեղասպանության դատապարտման պատմական իրադարձությունն իրողություն է։
Բանաձևի ընդունումը դիվանագիտական խողովակների ճիշտ կիրառման, ներկա և նախկին դեսպանների ամենօրյա և հետեւողական նվիրված աշխատանքի և խորհրդարանական բոլոր հարթակներում ձեւավորված ջերմ հարաբերությունների արդյունքն է։
Հայ ժողովուրդն իր երախտագիտությունն է հայտնում բանաձեւի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտյեխին, Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնման և դատապարտման նվիրյալ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկային, բոլոր պատգամավորներին և չեխ ժողովրդին»,-նշված է հաղորդագրությունում։