Կորոնավիրուսի ֆոնին հոգեբանական տեսանկյունից առավել խոցելի են լրագրողները. հոգեբան
«ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարելու հաջորդ օրը մասնագիտական հանրության ուշադրությունը հրավիրեց հոգեկան առողջության խնդիրների վրա, ինչը վկայում է, որ այս ընթացքում այն խիստ կարևոր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի տարածման շրջանում մարդու հոգեկան առողջությանը։
Նրա խոսքով, պանդեմիան լուրջ իրավիճակ է, բայց ոչ պակաս կարևոր է հոգեկան առողջության խնդիրը՝ հատկապես տագնապային դրսևորումները, անօգնականության զգացումը և անորոշությունները։
«Մեզնից ոչ ոք չգիտի՝ քանի շաբաթ կամ քանի ամիս հետո է այս վիճակն անցնելու։ Բացի այդ դեռ պատվաստանյութ և բուժման միջոց չկա, ինչն ավելի է խորացնում անորոշության զգացումը։ Դրանք սրում են մարդկանց հոգեվիճակը և առավել տագնապային խնդիրներ են հարուցում»,- շեշտեց Խ. Գասպարյանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ տեղեկացրեց, որ աշխարհում կարևորվում է բուժաշխատողների անվտանգության պահպանումը, քանի որ նրանցից է կախված հիվանդների վիճակը։
«Բուժաշխատողների հոգեկան առողջության հետ կապված ՀՀ-ում իրականացվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն։ Եվ ցանկացած բուժաշխատող կարող է զանգահարել 010 54 40 77 հեռախոսահամարով և գրանցվել, որպեսզի ստանա անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը»,- ասաց Ա. Սողոյանը։
Նա վստահեցրեց, որ պետք է հստակ տարանջատել՝ գոյություն ունի կորոնավիրուս, գոյություն ունեն տարբեր կարծիքներ դրա վերաբերյալ, և կան մարդիկ, որոնք ուզում են օգտվել այդ պատկերացումների արդյունքում ստեղծված իրավիճակից։
«Բոլորս էլ տարբեր տեսակի լուրեր ենք կարդում, որ այս ամենը համաշխարհային դավադրություն է, որ ինչ-որ քաղաքական խաղ կա։ Բայց գուցե այդ դավադրություն անողները նրանք են, ովքեր իրապես ուզում են, որ մարդիկ կորոնավիրուսից մահանան։ Եվ նրանք նման սխալ տեղեկատվություն են տարածում, որպեսզի ներշնչվող մարդիկ չպաշտպանվեն, խախտեն ստեղծված կարգ ու կանոնը և վիրուսն ավելի շատ տարածվի։ Այսինքն՝ որևէ ինֆորմացիա, որը դուրս է գալիս մեզնից, չապացուցելի և միայն երևակայական տեղեկատվություն է։ Յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում՝ մտածեք Ձեր անձնական պաշտպանության մասին, մի լսեք որևէ մեկին, ով Ձեզ խորհուրդ է տալիս չպահպանել անհրաժեշտ նորմերը»,- ասաց Ա. Սողոյանը։
Նա տեղեկացրեց, որ Մոսկվայում գտնվող իր ընկերը մահացել է կորոնավիրուսից, և չի կարելի ստահոդ ինֆորմացիայով մարդկանց փորձել շեղել և ասել, որ պետք չէ պաշտպանվել։
Հոգեբանը քաղաքացիներին հորդորեց չտրվել ինֆորմացիոն հոսքին, պետք է ուղղակի պաշտպանվել։
Խ. Գասպարյանն էլ նշեց, որ կան խոցելի խմբեր՝ տարեցներ, խրոնիկ հիվանդներ։ Հոգեբանական տեսանկյունից խոցելի են երեխաներն ու պատանիները, քանի որ սահմանափակված են նրանց ազատությունները, արտաքին միջավայրի հետ հարաբերությունները։ Հոգեբանը տեղեկացրեց նաև, որ խոցելի խմբում են նաև հղիները։
«Ինչ վերաբերում է հոգեկան առողջության տեսանկյունից մարդկանց տագնապայնությանը, ապա բոլորս տագնապայնության որոշ աստիճան պետք է ունենանք։ Ես կուզեի, որ մարդիկ իմանան՝ եթե ունեն տագնապայնության որոշ աստիճան, ապա դա վատ չէ, այս պարագայում տագնապն ունի պաշտպանական նշանակություն»,- ասաց. Խ. Գասպարյանը։
Ինչ վերաբերում է կորոնոֆոբիային, ապա այն կպչուն վախ է։ Հոգեբանը խորհուրդ տվեց՝ չթշնամանալ տագնապի հետ և ընդունել, որ տագնապի այդ չափը անհրաժեշտ է.
«Քանի որ այդ տագնապը ստիպում է հետևել անվտանգության կանոններին»։
Հոգեբանը հորդորեց օրվա մեջ ընդամենը երկու անգամ օգտվել կորոնավիրուսի վերաբերյալ առցանց տեղեկատվությունից. «Չի կարելի անընդհատ տարբեր աղբյուրներից տեղեկանալ՝ ինչ հնարավոր դավադրություն կա այս ամենի հետևում»։
Խ. Գասպարյանի խոսքով, կորոնավիրուսի ֆոնին հոգեբանական տեսանկյունից առավել խոցելի են նաև լրագրողները, քանի որ, աշխատանքի պայմաններից ելնելով, վերջիններս վարակման ռիսկի տակ են։
«Բացի այդ, նրանց սփռած ինֆորմացիան հաճախ տագնապ է առաջացնում թե՛ իրենց, և թե՛ ընթերցողի մոտ»,- եզրափակեց խոսքը հոգեբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները