Քաղաքը Ազնավուր է լսում. Շանսոնյեի ծննդյան օրն է
TM Production-ն այսօր նախաձեռել է «Քաղաքը Ազնավուր է լսում» ֆլեշմոբ՝ նվիրված լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 96-ամյակին։
«Ելնելով ստեղծված իրավիճակից` ամենամյա ավանդույթ դարձած բացօթյա համերգը` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան իր անունը կրող հրապարակում, այս տարի հնարավոր չէ իրականացնել: Այդ պատճառով առաջարկում ենք մայիսի 22-ին միանալ #ՔաղաքըԱզնավուրէԼսում ֆլեշմոբին` հնչեցնելով աշխարհահռչակ շանսոնյեի կատարումները սրճարաններում, մեքենաներում, պատշգամբներում և այլուր:
Միասին ունկնդրենք հայազգի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը` վերածելով իր ծննդյան օրը համազգային տոնակատարության»,- նշված է ֆլեշմոբի անցկացման հայտարարության մեջ։
Այսօր ժամը 20։00-ին աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվի «ԼԱ ԲՈՀԵՄ» բալետային ներկայացումը։ Երաժշտությունը՝ Շառլ Ազնավուրի, սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ՝ Ռուդոլֆ Խառատյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Աստղիկ Ստեփանյան։ Դերերում՝ Ժան Շարլ ՝ Գարեգին Բաբելյան, Սյուզետ՝ Տաթևիկ Գրիգորյան։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ․արտիստ/
Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
Բալետային ներկայացման պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 29-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն նվիրված է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որին ներկա էր Մաեստրոն: Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կայնքի ու զգացմունքների այլաբանությունն է:
Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: Նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ, արժանացել մրցանակների, պարգևատրվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում
- Շառլ Ազնավուրի սիրային նամակները կվաճառվեն
- Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացել Շավիլ քաղաքում
- Ազնավուրի հավաքածուից արվեստի գործեր են վաճառվելու
- Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ
- Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
- Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
- Էմանուել Մակրոնն Ազնավուրին նվիրված հայրերեն գրառում է արել ֆեյսբուքում
- «Սեզար» մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Շառլ Ազնավուրին
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն