Անի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերոգրյալի կապակցությամբ տված բացատրությամբ Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ սպառնալիքները գնահատում է իրական:
Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան