Կառավարությանն առաջարկել են տուրիզմի ոլորտին անտոկոս վարկեր տրամադրել
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։
Ոլորտի ներկայացուցիչները բացի խնդիրները թվարկելուց, ներկայացրել են առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։
Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։