Մեսչյան. Այսօր մեր շինարարությունների 90 տոկոսը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով
«Եկամտահարկը վերադարձնե՞լ, թե՞ ոչ. Կառուցապատողների» թեմայով քննարկմանը իրավաբան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ունեն օրենսդրական խնդիր կապված կասեցված շինարարությունների հետ։
Շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարությունը արգելվում է վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։
Նրա խոսքով, այդ հարցը բարձրացրել են տարբեր հարթակներում, էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել էր օրենքի փոփոխություն, որը սահմանված կարգով հրապարակվել էր, բավականին հետաքրքրիր քննարկումներ էին տեղի ունեցել, սակայն որոշակի պատճառներով փոփոխվել է, վերջերս հրապարակվել է արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենքի նախագիծը։
«Հարցը հրատապ լուծում է պահանջում։ Կոչ ենք անում պատկան մարմիններին հնարավորինս արագ պաշտոնական գործընթացները կատարեն և թույլ տան, որպեսզի կասեցված շինարարությունը հնարավորինս շուտ սկսվի, ինչը նաև կօգնի տնտեսության աշխուժացմանը»,- ասաց նա։
Իրավաբանի ներկայացմամբ, նախագծի բովանդակությունն այն է, որ սահմանվում է նոր բացառություն՝ երրորդ անձանց կողմից շինթույլտվությունները վիճարկելու պարագայում շինաշխատանքները որպես կանոն օրենքի ուժով չեն կասեցվի, դրանով իսկ հնարավորություն կլինի խուսափել անհիմն հայցային վարույթներից ու դրանց պատճառով ահռելի վնասներից։
«Պետք է խաղի կանոն սահմանել՝ օրենքով հնարավորություն լինի որոշել՝ արդյոք այդ շահը կամ իրավունքը, որ խախտվել է, իրական է, թե ոչ։ Կառուցապատողների ասոցիացիայի ողջ ջանքերն ու խնդրանքը հենց դրանում է, ոչ թե բացառիկ հնարավորություն տալ, որ շինարարությունը ցանկացած դեպքում շարունակվի ու չկասեցվի, մենք խոսում ենք այն մասին, որ հնարավորություն լինի կոնկրետ դեպքերում դատարանի կողմից քննարկել ու հնարավորություն տալ կառուցապատողներին, շինարարներին իրենց տեսակետը ներկայացնել դատարանում, հիմնավորել, որ այդ խախտումները, ըստ էության, իրական չեն կամ այդ պահին այդքան իրատեսական չեն»,- ասաց նա։
Նրա խոսքով, այս պահին 50 շինրարական օբյեկտի շինաշխատանքներ կասեցված են, շուրջ 400 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ չեն կատարվում ու հնարավորություն չունեն որոշելու՝ արդյոք այս պահին այդ շինարարության դադարեցումն օրինական կամ արդարացի է, թե ոչ։
Քննարկմանը ներկա ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ ճարտարապետ Էդուարդ Անդրեասյանն ասաց, որ իրենք համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ են հանդես եկել, առաջարկում են բացառությունների ցանկում ավելացել 5-րդ կետ այն դեպքերի վերաբերյալ, երբ վիճարկվում է քաղաքաշինության ոլորտում ընդունված վարչական ակտը։ Մոտակա նիստում այն կքննարկվի։
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ այսօր արդեն 65 կառույց է կասեցման տակ, մոտավորապես 550 միլիոն վնասի մասին է խոսքը։
«Օրեցօր վիճակը լրջանում է։ Ե՞րբ ենք այս փոսից դուրս գալու, որ շատ արագ սկսենք շինարարության ծրագրերի իրականացումը, որպեսզի ահռելի քանակի մարդկանց ապահովենք աշխատանքով, տնտեսության մեջ կարողանանք լուրջ ներդրում կատարել շինարարության միջոցով»,- նշեց նա։
Ա. Մեսչյանի խոսքով, երկու ճանապարհ կա՝ իրավաբանական՝ հիմնված օրենքների վրա, երկրորդ՝ վերականգնել պետական փորձաքննության ինստիտուտը։
Նրա կարծիքով, եթե ունենան նախագծային փաթեթ պետական գրագետ փորձաքննության եզրակացությամբ, կարող են պայքարել այս ռեկետի դեմ։
«Այսօր մեր շինարարությունների 90 տոկոսը կասեցված է բնակիչների ռեկետի պատճառով, դա սարսափելի է, դա վտանգավոր է բոլորիս համար, խայտառակություն է՝ կոնդիցիոներ կտաս, չեմ բողոքի, դատի կտամ, շինարարությունը կկանգնեցնեմ, բնակարան տուր, նկուղային հարկ տուր։ Սրանից պետք է դուրս գանք։ Եթե ունենանք նախագծային փաթեթ հաստատված բարձրագույն պետական փորձաքննությամբ, արդեն դա կլինի հիմնաքար»,- ասաց Ա. Մեսչյանը։
Է. Անդրեասյանը կիսում է Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքը, որ անպայման պետք է փորձաքննությունը մտնի։
«Եթե փորձաքննության դաշտում լինի փաթեթի ապահովումը, մարդիկ չեն կարող սենյակ, բնակարան ուզել, շանտաժի ենթարկել»,- նշեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան