Համբարյան. Մաքսանենգ ծխախոտի հարցով պետք է պատասխանեն՝ ո՞վ է արտահանողը
Երեկ հայտնի դարձավ, որ քաղաքագետ Գագիկ Համբարյանին հրավիրել են Քրեական ոստիկանության վեցերորդ վարչություն։ Պատճառն, ըստ քաղաքագետի, «մաքսանենգ ծխախոտի» մասին ֆեյսբուքյան իր գրառումն է։
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքագետը իշխանության այդ քայլը որակեց որպես իրեն լռեցնելու ծիծաղելի տարբերակ։
«Որքան ես եմ հասկանում՝ վեցերորդ վարչություն հրավիրվել են այն անձինք, ում դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը դատարան բողոք է ներկայացրել։ Արթուր Դանիելյանից հետո ինձ են հրավիրել, և իմ տեղեկություններով, ևս երկու հոգու դեռ կհրավիրեն։ Բայց իմաստը ո՞րն է։ Նույն Հ. Հակոբյանն ինձ դատի է տվել, էլ ի՞նչ նպատակ կա վեցերորդ վարչություն կանչելու։ Բացի այդ, ինձ համար աբսուրդ է այն, որ ինձ հրավիրել են մի գրառման համար, որտեղ ես մեջբերել եմ ԶԼՄ-ից վերցված տեղեկությունը, և նշել եմ նաև Հ. Հակոբյանի հերքումը՝ շրջանառվող լուրերի վերաբերյալ»,- ասաց Գ. Համբարյանը։
Քաղաքագետի համար անհասկանալի է՝ ինչ են ուզում իմանալ իրենից, եթե ինքն իր անձնական կարծիքը՝ Հ. Հակոբյանի մաքսանենգ լինել-չլինելու վերաբերյալ չի արտահայտել։ Նա շեշտում է, որ ինչ գրառման մեջ հստակ նշված է եղել, որ ինքը ԶԼՄ-ներից է ստացել այդ ինֆորմացիան։
«Ի՞նչ կապ ունեմ ես։ Եթե ծխախոտի արտահանման գործով մանրամասներ են ուզում իմանալ, թող դիմեն ՊԵԿ-ին և ընդամենը մի հարց տան՝ ո՞վ է եղել արտահանողը։ ՊԵԿ-ի պարզաբանումը կարդում ես, դիսերտացիա են գրել, բայց կարևոր հարցին չեն պատասխանել՝ ով է եղել արտահանողը։ Վեցերորդ վարչություն ոչ թե ինձ, այլ ՊԵԿ նախագահին պետք է կանչեին, որ հարցնեին՝ ով է եղել արտահանողը։ Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի, ով ապրում է Շիրակի մարզկենտրոնում, չեմ կարող որևէ բան իմանալ։ Ծիծաղելի է ուղղակի, որ անձը չի պահանջում, որ տեղեկատվությունը հրապարակող ԶԼՄ-ները հերքեն տարածած լուրը, բայց ինձ կանչում են վեցերորդ վարչություն, դա աբսուրդի ժանրից է, և ոչ այլ ինչ է, քան ինձ լռեցնելու և վախեցնելու փորձ»,- շեշտեց Գ. Համբարյանն, ապա վստահեցրեց՝ այդ փորձերը որևէ հաջողություն չեն ունենալու։
Քաղաքագետն ասաց, որ իրեն այսօր՝ մայիսի 23-ին էին հրավիրել Քրեական ոստիկանության վեցերորդ վարչություն, սակայն ինքը չի կարողացել ներկայանալ։ Նա քննիչի հետ խոսել է, և երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին կորոշվի, թե երբ պետք է Գ. Համբարյանը ներկայանա վեցերորդ վարչություն. «Ես անպայման գնալու և իմ կարծիքը հայտնելու եմ այս ամենի վերաբերյալ»։
Քաղաքագետը նշեց նաև, որ Շիրակի համալսարանում եղած մոտ 700 մլն դրամի վնասի դեպքում, գործող իշխանությունները ոչինչ չեն անում, և հանցագործության մեջ կասկածվողը «Այո»-ի շտաբում է տեղավորվել, թեև, ըստ Գ. Համբարյանի, նա բազմաթիվ ապօրինություններ է արել.
«Բայց այդ անձն այսօր համագործակցում է գործող իշխանությունների հետ։ Իսկ ես՝ որպես ՀՀ հասարակ քաղաքացի, վերլուծություն անելու համար հրավիրվում եմ վեցերորդ վարչություն։ Գործող իշխանությունները փորձում են հարցեր լուծել՝ ոստիկանության միջոցով տեռոր անելով։ Բայց այդ ամենն ապարդյուն է անցնելու, քանի որ իմ անունից որևէ մեկի հասցեին զրպարտություն չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին