Այրում գյուղի մի խումբ բնակիչների նկատմամբ սոցիալական շանտաժ է կիրառվում . Դուլգարյան
««Նահատակ» պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքները մեկնարկել են, այս պահին բարձրացնում են աշտարակը, որին կհետևի պատվարի բարձրացման աշխատանքը»,-panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:
Անդրադառնալով գյուղացիների և հանքարդյունաբերական ընկերության եռամսյա դիմակայությանը, տեղեկացրեց, որ սոցիալական շանտաժ է տեղի ունեցել։
«Ըստ բաց հանքի շահագործման նախագծի՝ թափոնները պետք է չորացվեին և կուտակվեին բաց հանքում: Ակնհայտ է, որ իրեն չի արդարացնում և ստիպված են կրկին օգտագորել «Նահատակի» պոչամբարը, մինչդեռ ըստ նախագծի այդ պոչամբարն արդեն պետք է ռեկուլտիվացված լիներ մինչև 2020 մարտ ամիսը: Եվ հիմա, առանց որևէ նոր նախագծի և թույլտվության շարունակվում է պոչամբարի շահագործումը: Մյուս կողմից էլ մի խումբ բնակիչների նկատմամբ սոցիալական շանտաժ է կիրառվել և կիրառվում: Ասում են, որ եթե մենք չբարձրացնենք պատվարը, ապա գործարանի 600 աշխատակիցներ կմնան գործազուրկ: Աշխատակիցները կգան և կփակեն ձեր ճանապարհը, կսկսվի լարվածություն՝ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչների միջև»,-ասաց Դուլգարյանը:
Նշենք, որ Այրում գյուղի մի խումբ բնակիչներ պահանջում են պոչամբարի ռեկուլտիվացիա և նոր նախագծի ներկայացում: Հաջորդ պահանջը բնափոխհատուցման դրամադրումն է, քանի որ շարունակվում է պոչամբարի անօրինական շահագործումը:
«Կոմբինատից ասել են. բնափոխահատուցում չենք տրամադրում, փոխարենը 600 հոգի կմնան առանց աշխատանքի և սոցիալական բեռը մնալու է ձեզ վրա: Քանի որ պետական որևէ կառույց չի արձագանքել և միջամտել խնդրին, նրանք շարունակում են աշխատանքները: Մեզ համար հարց է, թե ինչո՞ւ չեն արձագանքում պետական մարմինները»,-ավելացրեց Դուլգարյանը:
Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները տասնամյակներ շարունակ կրել են պոչամբարի հետևանքները՝ չունենալով որևէ սոցիալական օգուտ:
«Համայնքի գյուղմթերքը չի սպառվում կամ շատ դժվարությամբ է սպառվում, քանի որ գիտեն , որ գյուղը գտնվում է պոչամբարից 50 մ հեռավարության վրա: Այսինքն՝ նաև սոցիալական խիստ վիճակ է ձևավորվում, քանի որ գյուղատնտեսությունը մարել է: Խաղողագործներին հանդիպեցի, ասում են ՝ խախողի այգիները, որոնք ջրվում են Դեբետ գետի ջրով, լրիվ չորանում են և զրկվում են բերքատվությունից: Դեբետ գետն էլ անընդհատ աղտոտվում է և պոչամբարից , և այլ աղտոտիչներից»:
Հավելենք, որ Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ շուրջ հինգ ՀԿ-ներ ահազանգ են ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ նկարագրելով իրավիճակն ու օրենքի խախտումները:
Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները ընկերության գործողությունները մենք որակում են որպես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտում և պահանջում նշյալ կազմակերպությունում տեսչական ստուգումների անցկացում և օրենքով սահմանված կարգով կանխել կոմբինատի նման գործելաոճը:
Դուլգարյանի փոխանցմամբ՝ ահազանգից մի քանի օր է անցել, սակայն որևէ ԲԸՏՄ-ն չի արձագանքել:
Panorama.am-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի բաժնից տեղեկացավ, որ գրությունը մուտքագրվել է և ընթացքի մեջ է, առաջիկայում կպատասխանեն:
Խնդրով մտահոգ քաղաքացիները պատրաստվում են դիմել նաև ՀՀ վարչապետին՝ ուշադրությունը հրավիրելով Նահատակի պոչամբարի վրա,իսկ ընկերությունից շարունակելու են պահանջել ներկայացնել ռեկուլտիվացիայի պլանը: