Երեմ Սարգսյան. Անհրաժեշտության դեպքում կհրապարակեմ այդ գրությունը
«Պատահական չէ, որ հիմա փորձ է արվում Գագիկ Խաչատրյանի դուրսգրման պատմությունը բարդել այլ մարդկանց վրա, ցույց տալու, որ պետական մարմիններն իբր սխալ չեն գործել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա պնդում է, բժշկական հաստատության վրա ՔԿՀ-ից ճնշումներ են եղել։
«Անհրաժեշտության դեպքում ես կհրապարակեմ գրություն, ԱՆ քրեակատարողական ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ ուղղված բժշկական կենտրոնի տնօրենին»,-նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով, գրությունն առկա է Գագիկ Խաչատրյանի անձնական գործում, որի հետ ինքը պարբերաբար ծանոթանում է։
ՊՈԱԿ-ի տնօրենը, ըստ փաստաբանի, այդ գրությամբ առաջարկում է քննարկել Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժումը դադարեցնելու և նրան ՔԿՀ տեղափոխելու հարցը։
«Դա մենք դիտարկեցինք ճնշում քաղաքացիական հիվանդանոցի վրա, համապատասխան գրությամբ դիմեցինք ՊՈԱԿ-ի տնօրեին ու հորդորեցինք զերծ մնալ»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելոց, որ դա եղել է ավելի վաղ։
Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, ապա Սարգսյանի խոսքով, ՔԿՀ ծառայողներն ասել են Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժման, մինչդեռ իրականում նրան փորձել են տեղափոխել խուց։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի
- Փաստաբանական խումբ. Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից
- Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ