Երեխայի ծննդյան մասին քաղաքացիական կացության ակտում կնշվի նաև ՀԾՀ-ն
«Երեխյի ծննդյան մասին քաղաքացիական կացության ակտում հնարավորություն ենք տալիս նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ 2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որի միջոցով իրականացվում են քաղաքացիական ակտերի գրանցումները։ Այդ համակարգը համացանցի միջոցով հասանելի է ՔԿԱԳ բոլոր մարմիններին։
Վ. Դանիելյանն ասաց, որ ըստ նախագծի, էլեկտրոնային համակարգում երեխայի սեռը ևս պարտադիր պետք է նշվի, իսկ նախնական տարբերակով այդ պահանջը բացակայում էր։
«Այս նախագծով հնարավորություն է տրվում ծնողների համաձայնությամբ ՀԾՀ-ն ևս ավելացնել, քանի որ դա սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բնակչության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ դա։ Այս փոփոխությունը մեր քաղաքացիների կյանքը, կարելի է ասել, թեթևացնում է, և նրանք ստիպված չեն լինելու մի քանի պետական մարմիններ այցելել՝ սոցիալական որոշակի ծառայություններից օգտվելու համար»,- ներկայացրեց Վ. Դանիելյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ, ըստ էության, այն տվյալները, որոնք պետք է էլեկտրոնային համակարգերով շարադրվեն ծննդյան վկայականում, երկու խմբի են բաժանվում. մի մասը պարտադիր ներառվում է էլեկտրոնային համակարգում, և մյուսը՝ որը ներառվում է ծնողների համաձայնությամբ. «Հիմա ՀԾՀ-ն ներառվելու է ծնողների համաձայնությամբ, բայց ինչո՞ւ չի կարելի այն պարտադիր տրամադրվող տվյալ համարել»։
Արձագանքելով՝ Վ. Դանիելյանն ասաց, որ ՍԴ որոշմամբ, անձն իր ցանկությամբ կարող է ստանալ և հրաժարվել ՀԾՀ-ից. «Զուտ դրանով է պայմանավորված, որ անձանց կամքը հաշվի ենք առնում և սա, ըստ էության, ուղղված է այն քաղաքացիներին, ովքեր ուզում են ՀԾՀ ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին