Կապանում լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ է Սյունքիի մարզկենտրոն Կապան քաղաքում։ Բողոքի ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հետ հանդիպման եկավ մարզպետ Հունան Պողոսյանը։
«Մեր պահանջն է, որ մեր տղաների գործերը քննվեն այստեղ, ոչ թե տանեն Երևան։ Ինչու նրանց պառկացրեցին ասֆալտին հատուկ ջոկատայինները, ինչո՞ւ նրանց բերման ենթարկելուց առաջ ծանուցում չեն ուղարկել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հունան Պողոսյանն ասաց՝ էմոցիաները պետք է թողնել մի կողմ։ Հարցերն իրավական բնույթի են։
«Համաձայն չեմ, որ խնդիրը քաղաքական տիրույթում է։ Հարցերին կարծում եմ, իրավապահները կպատասխանեն։ Գիտեմ, որ ոստիկանության պետի հրամանով ծառայողական քննություն է անցկացվելու»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ գործը հարուցված է Երևանում, քննությունն էլ պետք է ընթանա այնտեղ։
Ըստ տեղեկությունների, ոստիկանական նոր ուժեր են բերվում Սյունիք։ Ակցիայի մասնակիցներից մեկը հորդորեց, սադրանքների չենթարկվել, ձեռքերը վեր պահած կանգնմել՝ պահպանելով սոցիալական հեռավորություն։
Մամուլը գրել է, որ այսօր ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով տղաներին ազատ արձակել։
Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկել։ Մինչդեռ վարչության պետը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ օրենքին համաձայն է իրականացվել կալանավորումը։ Ավելի ուշ Նվեր Խաչատրյանին ազատ են արձակել։
Հարազատների պնդմամբ՝ իրենք տեղյակ չեն, թե ինչու են տղաները բերման ենթարկվել։ Նվեր Խաչատրյանի հարազատների խոսքով՝ նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում։
Վարչության պետը հերքել է այս տեղեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում