Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Լուրը հայտնում են թատրոնից։
Կարինե Բուռնազյանը ծնվել է Երևանում 1959 թվականին: Մինչ 7-րդ դասարան սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Ա.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը: 1977-79թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988թ-ից որպես դերասանուհի աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Հարևանուհի), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ.Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա և քարտուղարուհի), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն:
1997-2005թթ «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Առաջին գեղարվեստական ֆիլմը եղել է Մոսկվայի պատվերով` «Թռիչքը սկսվում է գետնից», ինչպես նաև` «Մեծ քաղաքի փոքր պատմությունները»: Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» և այլ հեռուստասերիալներում։