Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի՚ համաքաղաքացիներ, արժանապատի՚վ սյունեցիներ, որպես Քաջարան համայնքի իրապես ընտրված, լեգիտիմ ղեկավար, իմ բարոյական պարտքն ու լիազորությունն եմ համարում դիմել ձեզ.
Նախ՝ բոլորդ իրավունք ունեք իմանալ վերջին օրերի տխրահռչակ իրականության դեպքերի մանրամասներն ինձնից, և որ ամենակարևորն է՝ ես ի զորու եմ տեր կանգնել իմ և իմ համայնքի ցանկացած բնակչի իրավունքին և արժանապատվությանը:
Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում բնականաբար որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։
Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ: Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է:
Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել:
Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը:
Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։
Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում, և սա հղի է ծանր հետևանքներով»։
Հիշեցնենք, որ Սյունքիի մարզկենտրոն Կապանի ոստիկանության դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ բողոքելով ոստիկանության գործողություններից։
Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին, Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քաջարանի բնակիչներ, ոստիկանություն տարված քաղաքացիների հարազատներ, մտերիմներ, ընկերներ պահանջում են ազատ արձակել նրանց, քննությունն իրականացնել Սյւոնիքում, ոչ թե Երևանում։
Հավաքվածները պնդում են, որ ոստիկանությունում քաղաքացիները ծեծի են ենթարկվել։
«Իմ եղբայրը ոստիկանությունից դուրս եկավ ծեծված ջարդված, բա մեր մյուս եղբայրներին որ տանեն Երևան, ի՞նչն են անելու»,-ասաց Նվեր խաչատրյանի եղբայրը։
Մարզպետ Հունան Պողոսյանին քաղաքացիները լսել չցանկացան՝ հիմնավորելով, որ պաշտպանում է ոստիկաններին, ոչ թե սյունեցիներին։
Պողոսյանն ասաց՝ ծառայողական քննություն է իրականացվում, մեղավորները կպատժվեն։
«Չեմ ուզում այստեղ ձեռք տաքացնի, կամ մարմնի մի մաս տաքացնի, անմեղության կանխավարակած կա, գործը քննվում է Երևանում»,-խոսում էր մարզպետը, երբ հավաքվածներն ընդհատեցին նրան։
«Երևանցիներին բերո՞ւմ են Սյունիք դատում, թող այստեղ կատարվի, հենա մեր տները փակենք, գնանք Երևան էլի»,-բարկացան մի քանիսը։
Մարզպետն առաջարկեց 10-15 հոգու մասնակցությամբ քննարկում կազմակերպել, օդի մեջ չխոսել ու էմոցիաներ չբորբոքել, եթե գործի փաստական հանգամանքներին տեղյակ չեն։
Հարակից հրապարակումներ`
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ
- Կապանում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան